Իրանի դեմ պատերազմը դուրս է գալիս արագ պատերազմի տրամաբանությունից․ ո՞վ է թելադրում «խաղի կանոնները»

Մինչ շարունակվում է ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմն Իրանի դեմ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Իրանի հետ, այսպես կոչված, բանակցություններից,  նախարարների կաբինետի նիստի ժամանակ մի շարք կոշտ հայտարարություններ է արել Իրանի, բանակցությունների և դաշնակիցների վերաբերյալ։

Նա շարունակել է պնդել, թե Վաշինգտոնը «շատ բովանդակալից բանակցություններ է վարում Թեհրանի ճիշտ մարդկանց հետ», և ընդգծել, որ հակամարտությունը «շուտով կավարտվի»։ Նրա խոսքով՝ Իրանը ձգտում է գործարք կնքել, քանի որ «Իրանին ոչնչացրել են»։ Ըստ Թրամփի, ԱՄՆ-ը ոչնչացրել է իրանական հնարավորությունների 90%-ը, իսկ Իրանը, ըստ նրա, «աղերսում է գործարք կնքել»։

Միևնույն ժամանակ, նա մատնանշել է իրանցի բանակցողների բարձր մակարդակը՝ նշելով, որ նրանք «շատ խելացի են»։ Խոսելով ռազմական օգնության մասին՝ ԱՄՆ նախագահը թույլ է տվել ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը. Ուկրաինայի համար նախատեսված զինամթերքը կարող է ուղղվել այլ ուղղություններով։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը կախվածություն չունի Հորմուզի նեղուցից, և ընդգծել, որ դրա բացումը հնարավոր կլինի Իրանի հետ «ճիշտ գործարքի» դեպքում։ 

Truth Social-ի էջում  Թրամփը գրել է, որ  ևս 10 օրով հետաձգում է հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին. «Իրանի կառավարության խնդրանքով հետաձգում եմ էլեկտրակայանների ոչնչացման փուլը 10 օրով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Կարդացեք նաև

Բանակցություններն, ըստ Թրամփի, շարունակվում են, և չնայած հակառակը պնդող հայտարարություններին, «դրանք շատ լավ են ընթանում»:

Չնայած սրան, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տարածաշրջանի ողջ քաղաքացիական բնակչությանը կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերին հարակից տարածքներից։ «Վախկոտ ամերիկա-սիոնիստական ուժերը փորձում են օգտագործել քաղաքացիական վայրերն ու անմեղ մարդկանց՝ որպես կենդանի վահաններ։ Մենք խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել այն վայրերը, որտեղ տեղակայված են ամերիկյան ուժերը, որպեսզի ձեզ որևէ վնաս չպատճառվի»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Sepah News կայքում։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը  հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կուժեղացվեն և կընդլայնվեն՝ ի պատասխան Իրանի կողմից քաղաքացիական բնակչության հրթիռային հարձակումների:

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես զգուշացրել էինք իրանական ահաբեկչական ռեժիմին՝ դադարեցնել Իսրայելի քաղաքացիական բնակչության հրթիռակոծությունները։ Չնայած զգուշացումներին, գնդակոծությունները շարունակվում են, և այդ պատճառով ՑԱԽԱԼ-ի հարվածներն Իրանի ուղղությամբ կուժեղացվեն ու կընդլայնվեն՝ ներառելով հավելյալ թիրախներ և ոլորտներ, որոնք օգնում են ռեժիմին արտադրել և օգտագործել զենք իսրայելացի քաղաքացիների դեմ։ Նրանք ծանր գին կվճարեն այս ռազմական հանցագործության համար»,- հայտարարել է Իսրայել Կացը։

Պատերազմը շարունակվում է, չնայած բանակցությունների մասին խոսակցությունները ևս չեն դադարում, ինչպես նաև դժգոհությունները, թե պատերազմը չափազանց ծախսատար է ԱՄՆ-ի համար։

The Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ զինված հակամարտության առաջին երեք շաբաթվա ընթացքում կրել են ընդհանուր առմամբ մինչև 2,9 միլիարդ դոլարի վնաս: Ըստ պարբերականի՝ ամերիկյան մարտական տեխնիկային հասցված վնասի և վնասված սարքավորումների փոխարինման չափը գնահատվում է 1,4-ից մինչև 2,9 միլիարդ դոլար:  WSJ-ն նշում է, որ վնասի հիմնական մասը հասցվել է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով: Չնայած այս ամենին, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Պենտագոնը դիտարկում է նաև ցամաքային օպերացիա, որի համար պահանջվում են ավելի մեծ ծախսեր։

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը դուրս է գալիս արագ պատերազմի տրամաբանությունից և մտնում երկարաձգվող, մաշեցնող դիմակայության փուլ։ Նրա գնահատմամբ՝ սկզբնական հաշվարկները Վաշինգտոնում և Թել Ավիվում կառուցված էին կարճատև և բարձր տեխնոլոգիական ճնշման միջոցով Իրանի ռազմական և միջուկային ներուժը կոտրելու վրա, սակայն այդ սցենարը չիրականացավ, Իրանը ոչ միայն պահպանեց պատասխան հարվածի կարողությունը, այլև ցույց տվեց, որ պատրաստ է  դիմակայության՝ օգտագործելով իր հիմնական առավելությունները՝ աշխարհաքաղաքական դիրքն ու  էներգետիկ լծակները։

«Եվ այս ֆոնին Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը դարձավ  պատերազմի առանցքային գործոնը, քանի որ հենց այստեղ է կենտրոնացած գլոբալ նավթային մատակարարումների զգալի մասը։ Իրանը ցույց տվեց, որ կարող է ազդել ոչ միայն ռազմական, այլև համաշխարհային տնտեսական գործընթացների վրա՝ բարձրացնելով իր արժեքը ցանկացած բանակցային սեղանի շուրջ։ Սա է պատճառը, որ ռազմական ճնշման պայմաններում Թեհրանը չի շտապում զիջումների գնալ։ Իսկ բանակցությունների մասին ակտիվ խոսակցությունները, որոնք շրջանառվում են հատկապես ամերիկյան կողմից, արտացոլում են քաղաքական և տեղեկատվական մարտավարություն, քան իրական դիվանագիտական առաջընթաց։ Իրանը շարունակում է հերքել ուղիղ բանակցությունների փաստը՝ ընդունելով միայն միջնորդավորված հաղորդակցությունը։ Սա կարևոր է, ինչը ցույց է տալիս, որ կողմերը դեռ չեն հասել այն մակարդակին, որտեղ հնարավոր է իրական փոխզիջում։ Նրանց պահանջները շարունակում են մնալ սկզբունքորեն անհամատեղելի»,- ասաց վերլուծաբանը։ Նա գտնում է, որ այս ֆոնին ձևավորվում է բավական հետաքրքիր ուժային հավասարակշռություն։

Վերլուծաբանի կարծիքով, չնայած ԱՄՆ-ը շարունակում է պահպանել  իր դերը, սակայն քաղաքական առումով նրա դիրքերն ավելի բարդ են դարձել՝ պատերազմը բարդ է, թանկ, երկարատև, ներքաղաքական առումով՝ խնդրահարույց, նպատակների առումով՝ անորոշ ու անհասկանալի։

«Իսրայելը շարունակում է  պահպանել առավել կոշտ գիծը և շահագրգռված է երկարաձգմամբ, քանի որ հասկանում է, որ հնարավոր չէ արագ հասնել դրված նպատակներին։  Իսկ Իրանը, հակառակ բազմաթիվ կանխատեսումների, կարողացել է  դիմադրությունը լավ կազմակերպել՝ ամրապնդելով իր դիրքերը։ Այս ամենը ցույց է տալիս, որ վաղ է խոսել պատերազմի ավարտի մասին։ Տեղին կլինի ասել, որ հակամարտությունը փոխում է իր ձևը։ Բաց ռազմական բախումների  ինտենսիվությունը, նկատում ենք՝ փոփոխվում է, սակայն լարվածությունը պահպանվում է։ Հետագայում ևս նման միտումների ականատեսը կարող ենք դառնալ։  Առավել իրատեսական սցենարը դեէսկալացիայի սցենարն է՝ առանց վերջնական համաձայնության, այսինքն՝ կողմերը կփորձեն նվազեցնել ռազմական հարվածների ինտենսիվությունը, բայց չեն հրաժարվի իրենց դիրքավորումից։ Ներկայիս փուլում առավել շահեկան դիրքում է այն կողմը, որը կարողանում է ոչ թե հաղթել ռազմական դաշտում, այլ պարտադրել իր օրակարգը քաղաքական և տնտեսական մակարդակներում։ Եվ այս տրամաբանությամբ Իրանը ներկայումս կարողացել է հիասթափեցնել շատերին և դիմադրել՝ դառնալով պայմաններ թելադրող։ Սակայն սա վերջնական արդյունք չէ, պատերազմը շարունակվում է, բանակցությունները շարունակվում են շատ տարբեր խաղացողների միջև։ Չմոռանանք, որ խոսվում է ցամաքային գործողության մասին, դա ևս կարող է անկանխատեսելի լինել, թեև շատերը կարծում են, որ այդ հարցում ԱՄՆ-ը շանս չունի»,- կանխատեսեց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031