Օնիկ Գասպարյանի 5-6 ժամ տևած ելույթի միայն 5-10 տոկոսն է տեղ գտել զեկույցում. ելույթին ամբողջությամբ ծանոթ չեմ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ ընտրություններից մոտ երկու ամիս առաջ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը հետևողականորեն պահանջելու է գործող իշխանություններից հանրայնացնել 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցը, մասնավորապես, ԱԺ-ի դիմաց կազմակերպվող ակցիաների միջոցով, ինչի սկիզբը դրվել է երեկ՝ մարտի 24-ին:

Նախաձեռնող խումբը, որի անդամներն են՝ «Լույսի Ճրագ» ՀԿ նախագահ Արսեն Ղուկասյանը, «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը, «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը, փաստաբան Հարություն Բաղդասարյանը և խմբի համակարգող Միքայել Մարգարյանը, գործող իշխանություններից պահանջում են հանրայնացնել քննիչ հանձնաժողովի բացահայտումները, որ հասարակությունն իմանա՝ ովքե՞ր են մեղավորները, պատասխանատուները, այս կամ այն հրամանն ինչպես է կայացվել, և այլն:

Խմբի անդամներից անգամ հիշել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ 44-օրյա պատերազմին առնչվող հազարավոր քրեական գործեր կան, զեկույցի արդյունքում լինելու են նորերը։

Մասնավորապես, Գևորգ Գևորգյանը նշել է, թե 4-5 տարի շարունակ ասում էին՝ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը լույս է սփռելու բոլոր հանցագործների վրա, դատական ակտեր են լինելու, ձերբակալություններ, բայց հանկարծ բոլորը լռեցին այդ մասին, իբր ուշացրել են ժամկետները»: Իհարկե, կան քրեական գործեր, բայց դրանցով անցնում է միայն զինվորականությունը, և հնչեղություն ստացած շատ գործերի դատական քննությունը դռնփակ է ընթանում, առհասարակ, ռազմական կարևոր և հնչեղ քրեական գործերի, ինչո՞ւ չենք եղել պահանջատեր, որ դրանք թույլատրելի սահմանում բաց լինեն, որտեղ տեղեկություններ կստանանք ռազմական և ռազմաքաղաքական հրամանների կայացման մասին:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է 44-օրյայի զեկույցին, ապա Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով նշել է, որ ճիշտ կլիներ, որ զեկույցի որոշակի հատված կամ մոտ 20 էջանոց եզրակացությունը հանրայնացվեր:

Այլ հարց է՝ նա որքանո՞վ նման պահանջ ներկայացնող նախաձեռնող խմբին կաջակցի, հատկապես, երբ նամակներ են փոխանցվել ԱԺ խմբակցություններին:

Իսկ մինչ այդ 44-օրյայի զեկույցին առնչվող մի քանի դրվագ ենք քննարկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ, իրենց խմբակցությունը հասարակական խմբի նամակը ստացել է արդեն:

– Ձեր խմբակցությունն ի սկզբանե քաղաքական որոշում էր կայացրել՝ չմասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որի համար բերվել էին հիմնավոր պատճառներ: Բայց հիմա կողմ եք և պատրաստ եք աջակցել նախաձեռնող խմբին, որը գործող իշխանություններից է պահանջում հանրայնացնել զեկույցը, և եթե այս պահանջը բավարարվի, ապա ընտրովի հատվածներ են հանրայնացվելու: Ժամանակին ԱԽ նիստում 2020թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթի հետ կապված դառը փորձ կա,երբ գաղտնազերծվել էին ընտրովի և կոնտեքստից կտրված հատվածներ, և այդպես էլ ամբողջական ձայնագրությունը չհրապարակվեց՝ չնայած գեներալի պահանջին:

Ի դեպ, նախաձեռնող խմբին այդ աջակցումն ի՞նչ կերպ է լինելու, երբ գործող ԱԺի գործունեությանն էլ քիչ է մնացել, ավարտվում է:

Երբ 2022թ. ստեղծվեց քննիչ հանձնաժողովը, և մեր քաղաքական ուժը որոշեց չմասնակցել աշխատանքներին, մեր հիմնական մոտեցումն այն էր, որ այն իշխանությունը, ում կառավարման ընթացքում է տեղի ունեցել պարտություն, որի հետևանքը եղել է հազարավոր զոհեր, գերեվարվածներ, անհետ կորածներ, վիրավորներ, այս պարագայում այդ իշխանությունը՝ անկախ այդ ժամանակվա իր քաղաքական հայացքներից և մոտեցումներից, չէր կարող օբյեկտիվ քննություն իրականացնել:

Դրան զուգահեռ՝ կային նաև այլ հանգամանքներ, օրինակ, իշխող ուժի ղեկավարը հայտարարություններ էր անում, որով, ըստ էության, ուղղորդում էր դատաիրավական համակարգին պատերազմի այս կամ այն դրվագի, զինվորականի ուղղությամբ՝ գործը համապատասխան ուղղությամբ տանելու համար: Դատական պրոցեսները չսկսված՝ կոնկրետ մարդիկ՝ անուն-ազգանուններով, դավաճաններ, դասալիքներ էին անվանում: Եվ ակնհայտ էր, որ որևէ ակնկալիք չկար այդ իշխանությունից՝ քննիչ հանձնաժողովում նորմալ աշխատելու և օբյեկտիվ զեկույց ունենալու:

Հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի հարցաքննության մասով կարող եմ ասել, որ եթե չեմ սխալվում, 5-6 ժամանոց ելույթ է եղել (ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը 2 օր է հարցաքննվել, մեկ օրվա հարցաքննությունը տևել է ավելի քան 5 ժամ:- Մ.Պ.): Ես ամբողջ նյութին ծանոթ չեմ, զեկույցում, իհարկե, տեսել եմ հղումներ նրա խոսքին, բայց այն, ինչ տեսել եմ, կարծում եմ, ամբողջական ելույթի մոտ 5-10 տոկոսը կարող էր լինել:

Իսկ իշխանությունը, բնականաբար, բոլոր քննարկումներին, բանախոսներին մոտեցել է ընտրովի, և, այո, վերցրել է այն հատվածը, որն իր համար անհրաժեշտ է եղել՝ իրենց քաղաքական գծի ապահովման առումով:

Այսինքն, խնդիրը եղել է Նիկոլ Փաշինյանից և քաղաքական ղեկավարությունից պատասխանատվությունը վերցնելը և այն տարբեր օղակների վրա բարդելը, մասնավորապես, զինվորականության: Եվ առաջին հերթին թիրախավորվել են այն զինվորականները, որոնք կարող էին կամ խոսում էին տարբեր դրվագների մասին, և իշխանությունը նրանց բերանը փակելու և մարդկանց իրականությունը ներկայացնելու համատեքստում «պատժելու» համար գնաց այդ ճանապարհով: Այդ նախաձեռնող խմբին սատարելու ձևերին և եղանակներին, ապա՝ մեծ թվով նահատակների, անհետ կորածների, գերեվարվածների, ծանր վիրավորում ստացած մարդկանց ընտանիքի անդամների հետ իմ շփումը չի սկսում այս օրով կամ վաղվա օրով, այն սկսվել է պատերազմից անմիջապես հետո: Ես նրանց հետ բազմաթիվ թեմաներով եմ հանդիպել՝ ակցիաներից սկսած մինչև քննարկումներ, թե ինչպես պետք է շարժվել և ինչպես պետք է հասնել իրավիճակի արդարացի հանգուցալուծմանը:

Նախորդ շաբաթ էլ առիթ ունեցել եմ հանդիպելու մի քանի անձանց հետ, ովքեր այս թեմայով բավականին հետևողական են՝ անհետ կորածների հարազատների: Խոսել ենք նրանց հետ, իմ մոտեցումները ես ներկայացրել եմ, ասել եմ՝ ինչքանով կարող եմ իմ ջանքերը ներդնել ընդհանուր գործում: Ավելին, անկախ նրանից՝ խորհրդարանի աշխատանքն ավարտվո՞ւմ է, թե՞ չի ավարտվում, իմ ուժերի ներածին չափով այս հարցում պայքարելու եմ:

– Ամեն դեպքում Դուք ծանոթացել եք զեկույցի «պարունակությանը», կա՞ դրվագ, թեմա, որի հանրայնացումը կարող է ձեռնտու չլինել իշխանություններին, թեկուզ՝ ռազմական ղեկավարության հարցաքննությունից:

– Պատերազմի, նախապատերազմական, հետպատերազմական ժամանակահատվածի փաստերի ճնշող մեծամասնությունը, բնականաբար, աշխատում է իշխանության դեմ: Եվ եթե այստեղ այդ առաջնային փաստերը քննության ենթարկվեին քննիչ հանձնաժողովում և դրվեին զեկույցում, ավելին՝ դրանք հրապարակվեին, իհարկե, դա լրջագույն խնդիրներ կստեղծեր իշխանության համար, ընդհուպ նրանց իրավական պատասխանատվության հարցն առաջին պլան կբերեր: Ուստի բնական է, որ նրանք 44-օրյայի զեկույցը, հատկապես՝ դրա ներածական և եզրափակիչ հատվածները կառուցել են իշխանության հայտնի քարոզչական նարատիվի շրջանակում, որտեղ փաստերը երկրորդական տեղում էին, իսկ առաջին տեղում էին այն ձևակերպումները, պիտակները, որակումները, որոնք իշխանությունը քաղաքական, քարոզչական նպատակահարմարությունից ելնելով՝ օգտագործել է:

Ի դեպ, իշխանական և ոչ իշխանական շրջանակներ համարում են, որ զեկույցը չունի իրավական կարգավիճակ, դուք ի՞նչ կարծիքի եք այդ առումով:

– Ես հիմա չեմ ուզում գնահատական հնչեցնել՝ դա ունի՞ իրավական կարգավիճակ, թե՞ ոչ, բայց ուզում եմ հիշեցնել, որ իշխանությունը 2021-2022թթ., դրան հաջորդած ժամանակաշրջանում մարդկանց հանգստացնելու, մանիպուլացնելու, իրենցից պատասխանատվությունը գցելու համար անընդհատ հղում էին անում քննիչ հանձնաժողովի զեկույցին, որ դա բոլոր հարցերի պատասխանները կտա՝ պատերազմական տարբեր դրվագների, մարդկանց նահատակության, գերեվարման հետ կապված:

Իսկ հիմա փաստացի ունենք մի իրավիճակ, որ այդ զեկույցն արխիվացվել է ինչ-որ կարգավիճակով, և այն մարդկանց, որոնց խոսք է տրվել զեկույցի միջոցով պատասխանել նրանց համար կենսական անհրաժեշտություն համարվող թեմաներին, փաստացի դրանց պատասխանը չի տրվել: Եվ այս առումով այդ մարդկանց պահանջն արդարացի և ընկալելի եմ համարում:

Հետագայում անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, որ նոր քննիչ հանձնաժողով ստեղծվի, թե՞ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ստեղծվածի զեկույցի հանրայնացումը բավարար է:

Չգիտեմ՝ ապագայում դա քննիչ հանձնաժողովի ձևով կարվի՞, թե՞ իրավապահ մարմինների, բայց ակնհայտորեն 44-օրյա պատերազմը ոչ միայն մանրամասն վերլուծության, այլև իրավական գնահատականի խնդիր ունի: Կան մարդիկ, որոնք պատասխանատու են տարածքային, մարդկային հսկայական կորուստների համար, բայց նրանք որևէ ձևով՝ զեկույցով կամ իրավապահ մարմինների տեսադաշտում չեն անցնում:

Սա պատմական հանգրվանային փուլ է՝ մի կողմից՝ ողբերգական, մյուս կողմից՝ մեր ժողովրդի համար առաջ շարժվելու հնարավորություններ ստեղծելու: Եվ, բնականաբար, այս պատերազմի բոլոր դրվագները՝ դիվանագիտականից մինչև բուն ռազմական գործողություններ, մանրամասն պետք է քննվեն, և ըստ պատասխանատվության՝ նաև պետք է իրավապահները գործեն:

– 44-օրյա պատերազմին առնչվող բազմաթիվ քրեական գործեր կան, որոնք փակ են քննվում դատարաններում, և որոնց վաղեմության ժամկետներն են անցնում, ինչո՞ւ պահանջատեր չենք եղել, որ հնարավորինս բաց քննվեն, հատկապես՝ հնչեղություն ստացած գործերը:

Իշխանությունը գրեթե բոլոր հարցերում առաջ է քաշել գաղտնիության գործոնը, և դրանք փակ ռեժիմով են անցկացվում: Դրանցից մեկը, օրինակ, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին է վերաբերում: Ինքը՝ Մ.Արզումանյանը, որի հետ ես հանդիպումներ ունեցել եմ քրեակատարողական հիմնարկում, ինքն էլ էր այդ թեման բարձրաձայնում, ասում էր՝ այն, ինչ իրեն վերագրվել է իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, զրպարտություն է, և դրանում համոզվելու համար կարելի է դատական նիստերը բաց ֆորմատով անցկացնել, և հանրության համար էլ դա շատ ակնհայտ կդառնա: Բայց իշխանությունները միամիտ չեն, տարբեր գործեր կան, որտեղ իրենց համար առաջնայինը փակ ռեժիմով անցկացնելն է, որովհետև այդ գործերի բաց ռեժիմով անցկացնելը հենց ճանապարհին կպայթեցներ այն սուտն ու կեղծիքը, ինչը պատերազմից հետո իշխանությունը տարածել և փորձել է մարդկանց որպես իրականություն մատուցել:

Հ.Գ. Թեմայի վերաբերյալ մի քանի դրվագ ավելացնենք. 168.am-ն օրերս գրել է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ նախագահին հանձնելուց հետո ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ այն ավելի քան 200 էջ է, սակայն օրերս հարցազրույցներից մեկում ասել է՝ 400-ից ավելի: Ավելի ուշ մեզ տեղեկություններ էին հասել, որ զեկույցին կցվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերլուծությունը (Տիգրան Աբրահամյանի՝ զեկույցին ծանոթանալու ժամանակ դա կարծես չի եղել) և Անդրանիկ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղարկված նամակ-վերլուծությունը՝ Սու-30-երի հետ կապված:

Նշենք, որ 2025թ. վերջերին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր. «6 հատ էդպիսի քննիչ հանձնաժողով էլ լինի, իմ ասածից ավել ինֆորմացիա չի կարա հավաքի»:

Ինչևէ, չնայած բազմաթիվ գրություններին, Ալեն Սիմոնյանը մերժել է զեկույցին ծանոթանալու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պահանջը: Իսկ դեռ 2021թ. 168.am-ի հետ զրույցում էլ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն էլ ասել էր. «Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031