Երաշխավորացավ են կպել. որևէ մեկի սիրուն աչքերի համար երաշխավոր չեն դառնում. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանըը հայտարարեց, թե վերջին օրերին «մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել»: «Որ հիշենք, ոչ վաղ անցյալում, դրանից երևի երկու շաբաթ առաջ և այդպես մի 2-4 տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, չէ՞»,- ասաց նա:
«Հիմա էլ ունեն նարատիվներ, այդ թվում՝ Ղարաբաղ հետ բերելու և այլնի մասին, որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը: Հիմա նոր բան են սկսել ասել, նրբերանգ է մտել վերջին օրերին նոր բան են մտածել, խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված:
Երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկ ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում, նաև իր զինվորների արյունը չի թափում, ծախսեր չի անում և այլն: Երկրորդը՝ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված ստորագրված, և մեկ երաշխավորների կողմից չէ, երաշխավորների խմբի կողմից երաշխավորված և կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում, հետաքրքրաբար, խախտվել են երաշխավորների կողմից:
Սա նորից ապացուցում է, որ երաշխավորները սիրուն աչքերի համար չէ, որ գնում են և հետապնդում են իրենց սեփական շահերը»,- նշեց նա:
Նա նաև հավելեց, որ ԱԳՆ-ն խոսել է երաշխավորների մասին և խոսել է խաղաղությունն ամրացնելու կոնտեքստում:
«Կյանքը բերել է նրան, որ մենք այդ խաղաղությունն ունենք, այդ խաղաղությունը նույնիսկ տարածաշրջանային մեծ փոթորիկների և պայթյունների մեջ արդեն առիթ ունեցել է ապացուցելու իր կենսունակությունն ու կայունությունը: Ես վստահ եմ, որ ապագայում ևս կշարունակի այդպիսի լինել և ապացուցել իր կենսունակությունը»,- ասաց նա:



