Աֆղանստանը Պակիստանին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտման համար
Աֆղանստանի բանակի գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ պակիստանցի զինվորականները խախտել են հրադադարի ռեժիմը Դուրանդի գծի երկայնքով՝ երկու պետությունների միջև Քաբուլի կողմից չճանաչված սահմանին։ Այս մասին հաղորդել է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը:
ԳՇ պետ Քարի Ֆասիհուդդին Ֆիթրաթի խոսքով՝ սահմանամերձ շրջաններում Պակիստանի ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է մի քանի խաղաղ բնակիչ: Նա նշել է, որ այդ գործողությունները մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցման շուրջ համաձայնության պայմաններում «վկայում են Իսլամաբադի կողմից անբավարար հանձնառության և խաբեության մասին»:
Ֆիթրաթն ընդգծել է, որ Քաբուլը նախկինի նման ձեռնպահ է մնում պատասխան միջոցներից՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու համար, և պահպանում է հրադադարի ռեժիմը: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, եթե նման հարձակումները կրկնվեն, ապա «հրադադարը կկորցնի իմաստը», և Աֆղանստանը Պակիստանին «վճռական հակահարված» կտա:
Մարտի 18-ին Պակիստանը և Աֆղանստանը որոշում են ընդունել դադարեցնել մարտական գործողություններն Էյդ ալ Ֆիտր մուսուլմանական տոնի ժամանակ՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Թուրքիայի խնդրանքով:
Երկու երկրների միջև մարտերը վերսկսվել են փետրվարի վերջին։ Իսլամաբադը պնդում է, որ Քաբուլն ապաստան է տալիս Պակիստանում հարձակումներ իրականացնող զինյալների։ Աֆղանստանում իշխող «Թալիբան»-ը հերքել է այս մեղադրանքները։



