ԵՄ-ն Պլան Բ չունի Կիևին 90 միլիարդ եվրո տրամադրելու համար. Տուսկ
Եվրամիությունը Պլան Բ չունի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի չափով պատերազմական վարկ տրամադրելու համար, որը շարունակում է արգելափակել Հունգարիան: Այս մասին լրագրողներին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթնաժողովից հետո Բրյուսելից մեկնելուց առաջ:
«Ես չեմ ցանկանում ոչ մեկին մոլորության մեջ գցել. ոչ մի Պլան Բ էլ չկա։ Եթե որևէ պետություն, տվյալ դեպքում՝ Հունգարիան, համառի և շարունակի արգելափակել ԵՄ բյուջեի փոփոխությունները, ապա նրան դա կհաջողվի», – մամուլի ասուլիսում Տուսկի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Լեհաստանի վարչապետը Բուդապեշտի դիրքորոշումը կապել է ապրիլի 12-ին Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:
«Քաղաքական ինտուիցիան ինձ հուշում է, որ մինչև ապրիլի 12-ը մենք չենք կարողանա ակտիվացնել Ուկրաինային ֆինանսական օգնությունը», – եզրափակել է նա:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարկի առնչությամբ նույնպես հայտարարել էր, որ Պլան Բ գոյություն չունի, քանի որ Պլան Ա-ն պետք է հարգվի։
Իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկը կհատկացվի՝ չնայած արգելափակմանը։
Իր հերթին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իրավաբանական տեսանկյունից լիովին իրավունք ունի արգելափակելու Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը։ Հունգարիան բազմիցս հայտարարել է, որ չի հաստատի 90 միլիարդ վարկի տրամադրումը Կիևին, ինչպես նաև կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը, քանի դեռ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները չեն վերսկսվել։ Ուկրաինան հայտնել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների հետևանքով։



