Բաժիններ՝

Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters

Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները տարբերվող տեսակետներ ունեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմման հարցի վերաբերյալ։

Reuters գործակալության հետ զրույցում այդ մասին ասել է իրանցի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ հավելելով, որ մարտի սկզբին նախատեսվում են նոր բանակցություններ, քանի որ ռազմական բախման վտանգը մեծանում է։

«Բանակցությունների վերջին փուլը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի պատկերացումները պատժամիջոցների մեղմման շրջանակի և մեխանիզմի վերաբերյալ տարբերվում են Իրանի պահանջներից։ Երկու կողմերն էլ պետք է հասնեն պատժամիջոցների վերացման տրամաբանական ժամանակացույցի։ Այս ճանապարհային քարտեզը պետք է լինի ողջամիտ և հիմնված լինի փոխադարձ շահերի վրա», – ասել է պաշտոնյան։

Գործակալությունը հիշեցնում է՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ հայտարարել էր, որ ակնկալում է, որ մի քանի օրվա ընթացքում պատրաստ կլինի իրանական առաջարկի նախագիծը, մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է Իրանի նկատմամբ սահմանափակ ռազմական հարվածների տարբերակը։

Մերժելով ուրանի հարստացումից հրաժարվելու ԱՄՆ-ի պահանջը՝ Թեհրանն, այնուամենայնիվ, ազդանշան է տվել իր միջուկային ծրագրի հարցում փոխզիջման գնալու պատրաստակամության մասին։ Վաշինգտոնը Իրանի կողմի ուրանի հարստացումը դիտարկում է որպես միջուկային զենքի ձեռքբերման հնարավոր ուղի։ Իրանը հերքում է միջուկային զենքի ստեղծման մեղադրանքները և ցանկանում է, որ ճանաչվի ուրանը հարստացնելու իր իրավունքը։

Վաշինգտոնը նաև պահանջել է, որ Իրանը հրաժարվի բարձր հարստացված ուրանի իր պաշարներից»,-գրում է Reuters-ը։

Իրանցի պաշտոնյան գործակալությանն ասել է, որ Թեհրանը կարող է լրջորեն դիտարկել իր բարձր հարստացված ուրանի պաշարների մի մասն արտահանելու, իր ամենաբարձր հարստացված ուրանի մաքրությունը նոսրացնելու և ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծման համադրությունը՝ Իրանի խաղաղ միջուկային հարստացման իրավունքի ճանաչման դիմաց։

«Բանակցությունները շարունակվում են, և կա միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորություն», – ասել է նա։

Իրանի իշխանությունները նաև հայտարարել են, որ դիվանագիտական ​​լուծումը տնտեսական օգուտներ կբերի և՛ Թեհրանին, և՛ Վաշինգտոնին։

«Բանակցվող տնտեսական փաթեթի շրջանակներում Միացյալ Նահանգներին նաև առաջարկվել են լուրջ ներդրումների և Իրանի նավթարդյունաբերության մեջ իրական տնտեսական շահերի հնարավորություններ», – ասել է պաշտոնյան։

Այնուամենայնիվ, նա հստակեցրել է, որ Թեհրանը չի հանձնի իր նավթի և հանքային պաշարների վերահսկողությունը։

«Ի վերջո, ԱՄՆ-ն կարող է լինել Իրանի տնտեսական գործընկեր, ոչ ավելին։ Ամերիկյան ընկերությունները Իրանի նավթի և գազի հանքավայրերում միշտ կարող են մասնակցել որպես կապալառուներ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս