Բաժիններ՝

Գյումրիում կայացել է Հայաստանի և Չեխիայի հոկեյի հավաքականների ընկերական հանդիպումը

Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 21-ին ընկերական հանդիպում է անցկացրել Չեխիայի թիմի դեմ։

Հանդիպումը կայացել է Գյումրիի Բարեկամության այգում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 11:8 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականը:

Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։ Հայ-չեխական հոկեյի երեկո Գյումմրիում անցկացվել էր նաև մեկ տարի առաջ։ Միջոցառմանը ներկա էր և խաղին մասնակցեց ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։

«Չեխիան ունի հոկեյի լավ հավաքական ու հարուստ ավանդույթ, սա Չեխիայում ամենահայտնի սպորտաձևն է, սակայն Հայաստանն ունի տափօղակով հոկեյի տղամարդկանց հրաշալի թիմ, իսկ Գյումրին խորհրդային տարիներին ունեցել է հոկեյի թիմ ու կա անհրաժեշտություն այս սպորտաձևն այսօր երիտասարդների շրջանում տարածելու: Ուզում ենք այս խաղով վերադարձնել այդ ավանդույթը: Արդեն երկրորդ անգամ եմ Գյումրիում մասնակցում ընկերական խաղի։ Մթնոլորտը հրաշալի է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է դեսպան Պետր Պիրունչիկը՝ հավելելով, որ այս խաղը հաղթանակի համար չէ, այլ սպորտաձևի պրոպագանդման:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ողջունել է տոնական միջոցառման մասնակիցներին` նշելով, որ Գյումրին լավագույնս կարող է մեկտեղել մարզական ու մշակութային միջոցառումները։

«Մեզ համար մեծ ուրախություն է հյուրընկալել այս միջոցառումը։ Այսպիսի հանդիպումները հիանալի հնարավորություն են մեկտեղելու սպորտն ու բարեկամությունը։ Սպորտը վաղուց դարձել է ժողովուրդներին միավորող ուժ, փոխադարձ հարգանք և վստահություն ձևավորող կամուրջ։ Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները տարիների ընթացքում ամրապնդվել են փոխադարձ վստահության, աջակցության և արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Այսօր մենք ևս մեկ անգամ վկայում ենք, որ այդ հարաբերությունները շարունակաբար զարգանում են։ Այս բարեկամական հանդիպումը պարզապես մարզական մրցում չէ. Այն խորհրդանշում է մեր ժողովուրդների միջև կապը, մշակութային երկխոսությունը և համագործակցության շարունակական զարգացումը»,- նշել է մարզպետը։

Երեկոն հարուստ էր ոչ միայն սպորտային, այլև մշակութային բովանդակությամբ: Մինչ հոկեյի հանդիպման մեկնարկը «Հրայրք» ավանդական պարի խումբը ներկայացրեց ազգային պարեր և պարուսուցում անցկացրեց: Միջոցառման տոնական տրամադրությունն իրենց կատարումներով լրացրին «Կումայրի» մանկապատանեկան փողային նվագախմբի սաները: Հանդիպումը վերածվեց իսկական տոնի՝ ադրենալին, էմոցիաներ, բարձր տրամադրություն, որն ուղեկցվում էր չեխական ուտեստների հյուրասիրությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս