«Խաղողի այգիները համատարած քանդվում են, ֆիլոքսերիան վխտում է, ու ոչինչ չի արվում». Աշոտ Հարությունյան

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն այն կարծիքին է, որ առանց ծրագրերի, զուտ եղանակային պայմաններով պայմանավորված՝ գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ։

«Կլիմայական պայմանները կա՛մ նպաստում են, կա՛մ չեն նպաստում։ Եթե կլիմայական պայմանները նորմալ են, լավ բերք կսպասվի։ Եվ հակառակը՝ եթե բնակլիմայական պայմանները լավը չեն՝ ցրտահարություն է, երաշտ է, կարկուտ է, բնականաբար, հակառակ ազդեցությունն է ունենալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը՝ խոսելով գյուղատնտեսության ոլորտի և այս տարի սպասվող ակնկալիքների մասին։

Աշոտ Հարությունյանն ասում է՝ անցնող ամբողջ տարի բարձրաձայնել է, որ ոլորտում լուրջ խնդիրներ կան, մթերման խնդիրներին զուգահեռ՝ գինեգործության և խաղողագործության հիմնադրամը ոչինչ չի անում։

«Խաղողագործների մի երեք միություն կա, բոլորն ունեն իրենց ղեկավարները, երբեմն-երբեմն խոսում են մթերման ժամանակահատվածում՝ իրենց խաղողը տեղավորելու համար։ Բայց որ այսօր խաղողի այգիները համատարած քանդվում են,  ֆիլոքսերիան վխտում է, ու ոչինչ չի արվում՝ փաստ է։

Կարդացեք նաև

Իսկ ո՞վ է ասում, որ ձմեռը խաղողագործության համար բարենպաստ է եղել։ Ունեցել ենք բավականին ցուրտ օրեր, ցածր ջերմաստիճան։ Համոզված եմ, սեղանի սորտերը վնասված են լինելու, ձայնը կլսեք, սկսելու են ասել՝ խաղողը ցուրտը տարել է ու օգնություն չկա, որովհետև որևէ հեկտար խաղող այգեթաղ չի արվել։ Իսկ մնացածն էլ հաստատ ուշ է բացվելու, ինչը նշանակում է, որ վաղ գարնանը ջուր է պետք լինելու, որ այգեջուր անեն, որ «աչքերը» շուտ բացվեն։ Սրանք մասնագիտական նուրբ բաներ են, որոնք պետք է հաշվի առնեն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ վաղը-մյուս օրը դեռ ցուրտ է լինելու, ձյուն է գալու, ուստի այդպես վստահությամբ չի կարելի ամեն ինչ ասել։ Հետևաբար, եղանակային պայմանները պետք է հանգիստ թողնեն ու իրենց գործով զբաղվեն՝ Աստված ինչպես ցանկացել է, այդպես էլ լինելու է։

«Հիշում եք, Ամանորից առաջ ասում էին՝ ձյուն չի գալու, իսկ ես ասացի՝ համբերեք, անցնում է 7 տարվա երաշտը, ու մենք ունենալու ենք ընտիր տարի՝ ձյան առումով։ Վերջին անգամ 1988 թվականին է եղել, որ Ամանորի գիշերը ձյուն է եկել ու շարունակվել մինչև հունվարի 1-ը»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։

Շարունակելով միտքը, նա նաև ասաց՝ ամեն գարնան հետ, հույս է տածում, որ բնությունը բարենպաստ է լինելու բերք ու բարիքի համար։

«Փորձում եմ լավատես լինել։ Չեմ պատկերացնում մի մասնագետի, հողի մշակի, որ տարին բացվելու հետ մտածի՝ վատը կլինի։ Լավն ուզեք, որ լավը լինի։

Ինչ վերաբերում է այս ոլորտին առնչվող Կառավարության ծրագրերին, ապա դրանց հետ կապված այլևս որևէ մեկնաբանություն չեմ անում»,- ընդգծեց Աշոտ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս