Չարլզ III-ը կաջակցի եղբորը իրավահաջորդությունից հեռացնելու որոշմանը․ The Times
Բուքինգհեմյան պալատը չի խոչընդոտի Մեծ Բրիտանիայի կառավարության մտադրությանը՝ Չարլզ III թագավորի կրտսեր եղբորը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորին, գահաժառանգության հերթից հեռացնելու հարցում։ Այս մասին հայտնել է The Times թերթը՝ հղում անելով Նորին Մեծության գրասենյակի աղբյուրին։
«Մաունթբաթեն-Վինձորին գահաժառանգությունից զրկելը բացառապես խորհրդարանի իրավասության հարցն է և իհարկե, մենք երբեք չենք կանգնի նրա ճանապարհին և չենք հակառակվի խորհրդարանի կամքին», — մեջբերում է պարբերականը Բուքինգհեմյան պալատի աղբյուրի խոսքերը։
Փետրվարի 20-ին Sky News հեռուստաալիքը հայտնել էր, որ կառավարությունը դիտարկում է համապատասխան օրինագիծը խորհրդարան ներկայացնելու հնարավորությունը։ Այս քայլին, ըստ YouGov ընկերության հարցման, կողմ է հարցվածների 82%-ը։ Այնուամենայնիվ, դա խորհրդակցություններ կպահանջի Ազգերի համագործակցության մեջ մտնող մյուս պետությունների հետ և հնարավոր կդառնա միայն այն բանից հետո, երբ Յորքի նախկին դքսի նկատմամբ ավարտվեն բոլոր քննչական գործողությունները։
Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը բերման է ենթարկվել փետրվարի 19-ին՝ իր ծննդյան 66-ամյակի օրը, և տեղափոխվել ոստիկանություն՝ հարցաքննության։ Նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։ Թեմզայի հովտի ոստիկանությունը ստուգում է այն տեղեկատվությունը, ըստ որի՝ նա, 2001-ից 2011 թվականներին զբաղեցնելով միջազգային առևտրի և ներդրումների հարցերով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցչի պաշտոնը, գաղտնի տեղեկություններ է փոխանցել մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու, հետաքննությունը շարունակվում է։
Թագավորի եղբոր նկատմամբ իրականացվող ևս մեկ հետաքննություն վերաբերում է սեռական շահագործման նպատակով կանանց Մեծ Բրիտանիա ներկրելուն։ Ըստ i թերթի (որը մտնում է Daily Mail and General Trust մեդիախմբի մեջ) տվյալների՝ եթե մեղադրանքների քննությունը հասնի դատարան, ապա Մաունթբաթեն-Վինձորի ծախսերը կարող են գերազանցել 1 միլիոն ֆունտ ստերլինգը (1,35 միլիոն դոլար)։ Ինչպես նշվում է հոդվածում, վստահություն չկա, որ նախկին արքայազնն ունի այդ գումարը։ Միևնույն ժամանակ, պարբերականը, հղում անելով Չարլզ III-ի շրջապատի աղբյուրներին, գրում է, որ միապետը հասկացնել է տվել, որ չի վճարելու այդ ծախսերը։
2019 թվականին արքայազն Էնդրյուն ստիպված է եղել հրաժարվել թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունների կատարումից՝ Էպշտեյնի գործով հարուցված սկանդալի պատճառով։ 2022 թվականին Ելիզավետա II թագուհու որոշմամբ արքայազնը զրկվեց պատվավոր զինվորական կոչումներից և մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորի դերից։ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին արքայազն Էնդրյուն հայտարարեց, որ կդադարի օգտագործել Յորքի դքսի տիտղոսը։ Հոկտեմբերի 30-ին Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ Էնդրյուն կզրկվի «արքայազն» տիտղոսից, որը նա ստացել է ի ծնե։ Այնուամենայնիվ, նա պահպանել է ութերորդ տեղը գահաժառանգության հերթում՝ իր եղբորորդուց՝ թագավորի ավագ որդի Ուելսի արքայազն Ուիլյամից ու նրա երեք երեխաներից, ինչպես նաև իր երկրորդ եղբորորդուց՝ թագավորի կրտսեր որդի արքայազն Հարիից ու նրա երկու երեխաներից հետո։



