Խոսե Բալկասարը երդում է տվել որպես Պերուի ժամանակավոր նախագահ

Պերուի խորհրդարանի նոր նախագահ Խոսե Մարիա Բալկասարը երդում է տվել որպես երկրի ժամանակավոր նախագահ: Արարողությունը հեռարձակվել է Կոնգրեսի YouTube ալիքով:  Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Երդվում եմ հանուն բոլոր պերուացիների ազնվորեն կատարել հանրապետության նախագահի պարտականությունները, որոնք  ընդունում եմ Պերուի Սահմանադրությանը համապատասխան՝ այս պահից մինչև 2026 թվականի հուլիսի 26-ը», – հայտարարել է Բալկասարը:

Հուլիսին նախագահի պաշտոնը կզբաղեցնի այն քաղաքական գործիչը, որը կընտրվի ապրիլի 12-ին նշանակված ընտրությունների արդյունքներով:

Բալկասարը փոխարինել է Խոսե Խերիին, որին պերուացի օրենսդիրները փետրվարի 17-ին անվստահության քվե են հայտնել նրա նկատմամբ կոռուպցիայի և ազդեցության չարաշահման շուրջ հետաքննության պատճառով։

Խերին պաշտոնը զբաղեցնում էր 2025 թ. հոկտեմբերի 10-ից՝ հանցավորության աճի ֆոնին նախագահ Դինա Բոլուարտեի պաշտոնանկությունից հետո։ Բոլուարտեի հեռանալը դարձել է երկարատև քաղաքական ճգնաժամի հերթական դրվագը. 2016 թվականից ի վեր երկրում փոխվել է յոթ նախագահ։

Տեսանյութեր

Լրահոս