Վրացական երկաթուղին» չի քննարկում Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը
«Վրացական երկաթուղի» ընկերությունը որևէ բանակցություն չի վարում Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ. այս մասին ընկերությունը հայտնել է «Իմեդի» հեռուստաընկերությանը։
««Վրացական երկաթուղի»-ն չի քննարկում Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը, հետևաբար, մեզ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է այս հարցը հայտնվել օրակարգում», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ հանրապետությունը շփումներ չունի Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ։Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Ռուսաստանը քննարկում է Աբխազիայի տարածքով Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը։
Պաշտոնյան նշել էր, որ Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ կապերի ամրապնդումը կարևոր է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման համար։



