Մակրոնը փետրվարի 17-19 կայցելի Հնդկաստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 17-19 կայցելի Հնդկաստան և բանակցություններ կվարի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հայտարարության համաձայն՝ Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Արհեստական բանականության ազդեցության վերաբերյալ գագաթնաժողովին (AI Impact Summit), որը հաջորդ շաբաթ կանցկացվի Նյու Դելիում։
Նշվում է, որ Մակրոնը կայցելի Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայ՝ Հնդկաստան-Ֆրանսիա նորարարության տարվա բացման արարողությանը մասնակցելու նպատակով։
Արտգործնախարարությունը հայտնել է, որ Մոդին և Մակրոնը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
2025 թվականին Մոդիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ երկու երկրները հռչակագիր էին ստորագրել առաջադեմ և փոքր մոդուլային միջուկային ռեակտորների ոլորտում գործընկերություն հաստատելու մտադրության մասին։


