Կաթողիկոսի գլուխը քարով ջարդելու կոչի առթիվ քրեական վարույթ կա, մեղադրյալ՝ ոչ. ինչի՞ն են սպասում Դատախազությունն ու Քննչական կոմիտեն
2025թ. դեկտեմբերի 28-ին՝ տարվա վերջին պատարագի օրը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, քաղաքացին ուղիղ եթերում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական կայքի՝ Civic.am-ի հետ զրույցում բռնության կոչ էր հնչեցրել՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված:
Ի պատասխան կայքի լրագրողի հարցին՝ «Ի՞նչ պետք է անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», քաղաքացին պատասխանել էր. «Մի հատ քար տփեն գլխին, սատկացնեն»։
Ինչպես ավելի ուշ պարզվեց, քաղաքացին Գառնու համայնքապետարանի աշխատակից է՝ Էդվարդ Ստեփանյան, ով համայնքում հայտնի է «Ջնդոյի Էդո» մականվամբ:
Այդ հայտարարությունից, Կաթողիկոսի առնչությամբ սպանության կոչ հնչեցնելուց 12 օր անց 168.am-ը դիմեց Գլխավոր դատախազություն:
- Ի՞նչ գործողությունների է դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը:
- Արդյո՞ք քրեական վարույթ հարուցվել է նշված կոչի առնչությամբ:
- Արդյո՞ք ձերբակալվել է տվյալ կոչ հնչեցնողը և մեղադրանք առաջադրվել է նրան:
Դատախազությանն ուղղված մեր հարցերից Դատախազությունից մենք միայն ստացել էինք պատասխան, որ 2026թ. հունվարի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Հոդված 330. Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը
1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 136-րդ, 151-րդ 313-րդ, 328-րդ, 329-րդ կամ 422-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշները՝
պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
3) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝
– պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Սա այն հոդվածն է, որով ակնթարթորեն ձերբակալվում, ապա կալանավորվում են ընդդիմադիր հանրային գործիչները: Ձերբակալվում են մեծաքանակ ուժայինների մասնակցությամբ, մասկի-շոուներով, ասես վտանգավոր հանցագործի են ձերբակալում, ապա ընտրում ամենախիստ խափանման միջոցը՝ բանտային կալանքը:
Բայց սա՝ միայն ընդդիմադիրների դեպքում, իսկ եթե նույն բռնության այլանդակ կոչը հնչեցրել է ՔՊ-ի համակիրը, այն էլ՝ համայնքային ծառայող, հրատապությունը վայրկենապես անհետանում է, ու քրեական վարույթը հարուցում են միայն տոներից հետո:
Ինչևէ, մենք դիմեցինք նաև Քննչական կոմիտե. ուզում էինք իմանալ՝ այնուամենայնիվ, մեղադրյալ, խափանման միջոց կա՞ ուղիղ եթերում Կաթողիկոսի գլուխը քարով ջարդելու կոչ անող «Ջնդոյի Էդոյի» նկատմամբ, թե՞ ոչ, սակայն այնտեղից ևս հաստատեցին՝ այո, քրեական վարույթ նախաձեռնվել է, բայց այլ նորություն չունեն:
Այսինքն՝ այս վարույթով մեղադրյալ չկա, հետևաբար՝ խափանման միջոց՝ ևս:
Հետաքրքրիր է՝ ինչի՞ն են սպասում Դատախազությունն ու Քննչական կոմիտեն, երբ ուղիղ եթերում կոնկրետ մարդուն սպանելու կոչ անող անձն անգամ դեռ մեղադրյալ չէ… Իսկ սպասում են ընդամենը մի sms-ի, որը այդպես էլ, բնականաբար, չեն ստանալու:
Սպասում են նաև, որ հասարակությունը կամ առնվազն լրագրողական հանրույթը կմոռանա թեմայի մասին, բայց վստահեցնում ենք՝ չենք մոռանալու:
