ԱՄՆ-ն հաստատել է 60,000 միգրանտների համար արտաքսման պաշտպանությունը վերացնելու գործընթացը․ NYT
ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը թույլատրել է ԱՄՆ վարչակազմին շարունակել Հոնդուրասից, Նիկարագուայից և Նեպալից 60,000 միգրանտների արտաքսման պաշտպանությունը վերացնելու իր նախկին գործընթացը, հաղորդում է The New York Times-ը (NYT):
Դատարանի համապատասխան որոշումը պարբերականն անվանել է «հաղթանակ նախագահ [Դոնալդ Թրամփի] վարչակազմի համար՝ իրենց հայրենիքում ճգնաժամային իրավիճակներից փախչող միգրանտների ծրագիրը (Temporary Protected Status, TPS) սահմանափակելու ձգտման մեջ»։ Թերթը հիշեցրել է, որ մայիսին ԱՄՆ Գերագույն դատարանը ամերիկյան կառավարությանը իրավունք էր տվել նույն ծրագրով ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից զրկել 350 հազար վենեսուելացի միգրանտների։
ԱՄՆ գործող վարչակազմն ավելի վաղ հայտարարել է, որ մինչ իր իշխանության գալը երկիր է ապօրինի մուտք գործել մոտ 25 միլիոն մարդ։ Այն նաև բազմիցս հանդես է եկել ներգաղթի քաղաքականության խստացման օգտին։ 2025 թվականին ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։ Վաշինգտոնում նշել են, որ մտադիր են ապահովել ամերիկյան պատմության մեջ ապօրինի միգրանտների արտաքսման ամենախոշոր գործողության իրականացումը։


