Հոնկոնգի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել մեդիամագնատ Ջիմի Լային
Հոնկոնգի դատարանը 78-ամյա ձեռնարկատեր և Apple Daily հրատարակության հիմնադիր Ջիմի Լային 20 տարվա ազատազրկման է դատապարտել ազգային անվտանգության օրենքը խախտելու գործով: Այս մասին հայտնում է չինական Xinhua գործակալությունը։
Բրիտանիայի քաղաքացի Ջիմի Լային մեղավոր է ճանաչվել երկու՝ արտաքին ուժերի հետ դավադրության և խռովարար նյութեր հրապարակելու դավադրության մեղադրանքներով։
CNN-ը հայտնում է, որ միլիարդատերը կառավարության ամենահայտնի քննադատներից մեկն էր, որին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականին Չինաստանի ղեկավարության կողմից կիսաինքնավար քաղաքի նկատմամբ ազգային անվտանգության համապարփակ օրենք ընդունելուց հետո։
Սա ազգային անվտանգության մասին օրենքով սահմանված ամենաերկար պատիժն է, և դա նշանակում է, որ Լայը պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իրավունք չի ունենա մինչև 90 տարեկանը լրանալը։
Լայի որդին՝ Սեբաստիանը, դատավճիռը որակել է որպես դաժան և հոր համար «կյանքին սպառնացող»։
Նրա հանցակիցներն ստացել են 6 տարի 3 ամսից մինչև 10 տարի ազատազրկման պատժաժամկետներ։ Ձեռնարկատիրոջ պաշտպանությունը մտադիր է բողոքարկել դատավճիռը։
Apple Daily-ն և դրա դուստր ընկերությունները տուգանվել են 767,000 դոլարի չափով:
Ե՛վ Պեկինը, և՛ Հոնկոնգի կառավարությունը բազմիցս մերժել են Լայի քրեական հետապնդման վերաբերյալ միջազգային քննադատությունը և մեղադրանքները, թե նրա բանտարկությունը քաղաքական դրդապատճառներ ունի կամ հարձակում է ազատ մամուլի դեմ։ Իշխանությունները հայտարարել են նաև, որ Լայը բանտում ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն։


