Ճապոնիայում մեկնարկել է Ձմեռային բալենու ծաղկման փառատոնը
Ձմեռային բալենու ծաղկման ամենամյա փառատոնը, որն ավանդաբար գրավում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների ամբողջ Ճապոնիայից և արտասահմանից, մեկնարկել է փետրվարի 7-ին Իձու թերակղզու վրա գտնվող ճապոնական Կավաձու քաղաքում։ Այն կտևի մինչև մարտի 8-ը։
Գլխավոր տեսարժան վայրը Կավաձու գետի երկայնքով ձգվող մոտ չորս կիլոմետր երկարությամբ պողոտան է, որը շրջապատված է 850 կայաձու-սակուրա ծառերով, որոնք աչքի են ընկնում իրենց յուրահատուկ մուգ վարդագույն ծաղիկներով: Ի տարբերություն գարնանային բալենու ծաղիկների, որոնք ունեն նուրբ, գրեթե սպիտակ երանգներ և կարճ ծաղկման ժամանակահատված, կայաձու-սակուրայի բողբոջները բացվում են աստիճանաբար, և ծաղիկները կարող են ապրել գրեթե մեկ ամիս։
Քաղաքում կա այդ տեսակի մոտավորապես 8000 բալենու ծառ։
Փառատոնի կազմակերպիչների խոսքով՝ այս տարի ծաղկումը սկսվել է սովորականից մի փոքր ավելի շուտ, և որոշ ծառերի վրա բողբոջների 10-20 տոկոսն արդեն բաց է։ Փառատոնի ընթացքում բաց են փողոցային տաղավարները, անցկացվում են տարբեր միջոցառումներ, իսկ երեկոյան ծառերը լուսավորվում են՝ առավել տպավորելով մարդկանց:
