Գլոբալ շրջադարձի փուլ է. Արա Այվազյանը` խաղաղության քարոզչական թեզի, Մեծ Թուրանում կլանվելու վտանգների և ՀՀ-ԻԻՀ-ՌԴ ռազմավարական եռանկյունու անհրաժեշտության մասին

Մեզ մեծ քարոզչական հարձակման են ենթարկում, թե տեղի է ունենում պատմական խաղաղության գործընթաց, բայց ես վստահ եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն ձգտում խաղաղ համակեցության Հայաստանի հետ, նրանց ռազմավարական նպատակները մնում են անփոփոխ: Այս մասին «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» քննարկման ժամանակ ասել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:

«Վերջին տարիներին իրենց ռազմավարական երազանքները ստանում են միս ու արյուն, որովհետև իրենց կարծիքով հասել է այդ «ռազմավարական պահը», որի արդյունքում Հայաստանը կդառնա ոչ կենսունակ, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունից զուրկ մի պետական կազմավորում, որը գնալով ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվի թուրքական աշխարհի մեջ, իսկ բարենպաստ պայմանների արդյունքում ամբողջովին կինտեգրվի կամ կկլանվի «Մեծ Թուրան» նախագծի մեջ:

Այս ռազավարության ամենամեծ սպառնալիքը ու մարտահրավերը, այսպես կոչված ողնաշարհը՝ «Զանգեզուրի միջանցքն» է, որը ներկայացվում է որպես տնտեսական և ենթակառուցվածքային նախագիծ:

Սա առաջին և անփոփոխ քայլն է մեծ ռազմավարության մեջ, որը ուղղված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը: Պետք է դուրս գալ մեզ պարտադրվող «խաղաղություն և պատերազմ» կեղծ երկընտրանքի տրամաբանությունից: Հայաստանի առջև ընտրությունը կանգնած է այլ հարթությունում, այն է՝ խորացող ռազմավարական խոցելիության և ռազմավարական զսպման քաղաքականության ձևավորման միջև: Առաջին բանը, ինչից մենք պետք է սկսենք, գիտակցելն է, թե մեր հակառակորդները իրականում ինչ մտադրություններ և ռազմավարական նպատակներ ունեն»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս