Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի երթուղուն» Ռուսաստանի միանալու հնարավորությունը. Կոպիրկին
Արեւմուտքի հետ Հայաստանի մերձեցումը իր արտաքին քաղաքական կապերի լայն դիվերսիֆիկացման համատեքստում նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում, հայտնել է Երեւանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։
«Մենք գիտենք, որ ԵՄ-ն այժմ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության հանդեպ եւ, ընդհանուր առմամբ, անթաքույց ազդանշան է տալիս իր գործընկերներին այն մասին, որ նրանք պետք է աջակցեն այդ քաղաքականությանը, այդ թվում եւ պատժամիջոցների իմաստով։ Իհարկե, դա նոր մարտահրավերներ է ստեղծում մեր հարաբերություններում եւ պահանջում է երկու կողմերից շատ խելամիտ, կշռադատված, իմաստուն մոտեցում, ռազմավարական հեռատեսություն»,- ասել է Կոպիրկինը։
Նա ավելացրել է, որ սա պահանջում է երկկողմ հարաբերությունների հարմարեցում նոր իրողություններին։
Դեսպանը նաեւ նշել է, որ Մոսկվան բաց է քննարկելու Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը «Թրամփի երթուղի» նախագծում՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում։
Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանը ուշադիր հետեւում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» նախագծի շուրջ զարգացումներին։
