Բաժիններ՝

Թրամփը մեծ ձեռքբերում է համարում Պուտինի կողմից մեկ շաբաթով Ուկրաինայի ուղղությամբ հարվածների դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահել է իր խոսքը և մեկ շաբաթ չի հարվածել ուկրաինական քաղաքներին, ինչը, նրա կարծիքով, արդեն իսկ մեծ ձեռքբերում է։ Այս մասին Թրամփը հայտնել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

Լրագրողը նշել է, որ Ռուսաստանը համաձայնել էր հարվածների դադարի ցուրտ եղանակի ընթացքում և այժմ վերսկսել է Ուկրաինայի ուղղությամբ հարձակումները։

«Խոսքը կիրակիից կիրակիի մասին էր (խմբ.՝ մինչև փետրվարի 1-ը)։ Նա (խմբ.՝ ՌԴ նախագահը) նորից շատ ծանր հարվածներ է հասցրել անցյալ գիշեր։ Նա համաձայնել էր։ Նա պահեց իր խոսքը», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ նույնիսկ մեկ շաբաթով հարվածների դադարը ձեռքբերում է։

«Մեկ շաբաթն էլ մեծ բան է։ Մեզ ցանկացած բան ձեռնտու է, որովհետև այնտեղ իսկապես շատ ցուրտ է», – նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ կցանկանար, որ ՌԴ նախագահն ավարտեր պատերազմը։

Հունվարի 29-ին կաբինետի նիստում Թրամփը հայտարարել էր, որ անձամբ խնդրել է Պուտինին մեկ շաբաթ չհարվածել Կիևին և ուկրաինական մյուս քաղաքներին։ Կրեմլի խոսնակը հաստատել էր, որ Թրամփը խնդրել է հարվածները դադարեցնել մինչև փետրվարի 1-ը:

Փետրվարի 3-ի գիշերը Ուկրաինան հայտնել է, որ ռուսական կողմը զանգվածային հարվածներով թիրախավորել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները՝ արձակելով ավելի քան 70 հրթիռ, 450 անօդաչու թռչող սարք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս