«Տրամադրել են կեղծ բժշկական տեղեկանքներ». ինչու է Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանից հեռացվել Արման Սարոյանի եղբոր դուստրը
«Այսօր» լրատվականը գրում է. «Կարգալույծ արված ու տիրադավների շարքը համալրած Արման Սարոյանը՝ նախկին եպիսկոպոս Գևորգ Սարոյանը, շարունակում է իրեն համարել Մասյացոտնի թեմի առաջնորդը։
Երեկ նա «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իբր, իր ամբողջ ընտանիքը տեռորի է ենթարկվում։
«Անգամ եղբորս տասը տարեկան աղջկան, որը Մոսկվայի եկեղեցու դպրոցում է սովորում, հանել են դպրոցից»,- նշել էր Արման Սարոյանը։
Aysor.am-ը դիմել է Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք տեղեկությունը հավաստի՞ է, ո՞րն է եղել Արման Սարոյանի եղբոր դստերը դպրոցից հեռացնելու պատճառը։
Պարզվում է՝ վարժարանի տնօրեն Կարինե Սերոպյանը 2026 թվականի հունվարի 29-ին ստորագրել է երեխայի իրավունքների պաշտպանության նպատակով հրաման, ըստ որի՝ չեղարկել է մերձմոսկովյան Խիմկի քաղաքում փաստացի բնակվող Էդգար Սարոյանի հետ կնքած Սոֆիա Սարոյանի կրթական պայմանագիրը:
«Պայմանագրի չեղարկման հիմք են հանդիսացել 2026 թվականի հունվարին ծնողների կողմից վարժարանի տնօրինությանը տրամադրած կեղծ բժշկական տեղեկանքները: Նույն հրամանով՝ ծնողներին հետևողականորեն հորդոր է ուղղվել Սոֆիա Սարոյանին անհապաղ տեղափոխել իր բնակության վայրում գտնվող դպրոց՝ հետագայում երեխայի իրավունքների ոտնահարումից խուսափելու համար, քանի որ ծնողները բազմիցս խախտել են երեխային վարժարան ժամանակին բերելու իրենց պարտականությունը»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց Կարինե Սերոպյանը։
Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի տնօրենն ընդգծեց՝ անհրաժեշտության դեպքում կներկայացնի վերոնշյալ որոշման համար հիմք հանդիսացող անհերքելի ապացույցներ»:
