Թմրամիջոց պահելու ու օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ Ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների ծառայողների սերտ փոխգործակցության արդյունքում հերթական բացահայտումներն են արձանագրվել:
Պարեկային ծառայության, Ոստիկանության գվարդիայի ու Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Սասնա Ծռերի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և «Հոնգ Ջի» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Դավիթաշենի բաժին են տարել 42-ամյա վարորդին և 30-ամյա ուղևորին: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և մոխրացած հետքերով երկու կաթուցիչ: Նա հայտնել է, որ հայտնաբերվածը զանգվածը մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով:
Ոստիկանության գվարդիայի, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունվարի 27-ին համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ Արշակունյաց պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Շևրոլետ» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Վարորդը և ուղևորը մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել են Շենգավիթի բաժին: 33-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ 17-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ՝ կաթուցիչ:
Թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել նաև Ոստիկանության գվարդիայի Վանաձորի պահպանության բաժնի ծառայողները: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ նրանք Կարեն Դեմիրճյան փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Տարոնի բաժին են տարել Վանաձորի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող սպիտակ փոշենման զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
