Իրանի շուրջ իրավիճակը «եռում է»․ ԱՄՆ-ը կարող է հարվածել ժամեր անց․ ՀՀ իշխանությունները թմբուկ են խփում ու ֆլեշ-մոբ անում

Մինչ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թմբուկ խփել, համերգով հանդես գալ և ֆլեշ-մոբեր կազմակերպել, իսկ ՀՀ ԱԳ նախարարը եվրոպական մայրաքաղաքներում խոսում է ՀՀ արևմտյան ինտեգրացիայի ու այդ որոշման անշրջելիության մասին, Հայաստանի շուրջ ռեգիոնալ իրավիճակը «եռում» է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի թուլացնում ճնշումն Իրանի ուղղությամբ։ Ամերիկյան կողմը ոչ միայն աննախադեպ ուժեր է մոտեցրել Իրանին և սպառնում է հարվածներով, այլև, օրինակ, Reutersի տվյալներով, չի պատրաստվում միայն ավիահարվածներով բավարարվել, քանի որ հասկանում է՝ միայն ավիահարվածներով հնարավոր չէ տապալել հոգևորական իշխանությանը։

Ուստի, Reuters-ի համաձայն, Թրամփը դիտարկում է Իրանի անվտանգության ուժերին և ղեկավարությանը թիրախային հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ նոր ցույցեր հրահրելու համար: Չի բացառվում, որ Թրամփն այս մասին ուղիղ հայտարարի։

Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հերթին՝ ակտիվ ռազմաքաղաքական նախապատրաստությունների մեջ է։

Կարդացեք նաև

Իրանի ԱԳ նախարարը Վաշինգտոնից հնչող սպառնալիքներին ի պատասխան՝ հայտարարել է՝ Թեհրանը պետք է շտապ բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ։ Նա նշել է՝ Իրանի զինված ուժերը պատրաստ սպասում է՝ արձագանքելու ցանկացած ագրեսիայի: Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ անցած տարվա 12-օրյա պատերազմից քաղած արժեքավոր դասերից հետո ավելի են ուժեղացրել իրենց ռազմական կարողությունները, և անհրաժեշտության դեպքում պատրաստ են «ավելի արագ ու հուժկու արձագանքել»: Այդուհանդերձ, ըստ Արաղչիի, Իրանը ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրը և չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել։

Այս օրերին հարևանների ու դաշնակիցների հետ ակտիվ երկխոսության մեջ է ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Նա հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի, Քաթարի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նախօրեին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով, ի դեպ, զուգահեռաբար՝ այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։

Ըստ փորձագետների, այս այցն ուղիղ կապ ունի այն զարգացումների հետ, որոնք ծավալվում են Իրանի շուրջ, ուստի հաշվի առնելով Չինաստան-Իրան հարաբերությունների սերտ բնույթը, Չինաստանն ամենայն հավանականությամբ Ադրբեջանին փորձելու է ետ պահել սցենարներից, որոնց դեպքում Ադրբեջանը կարող է օգտագործվել Իրանի դեմ։

Արաղչի-Բայրամով հեռախոսազրույցի գլխավոր թեման ևս սա է եղել։ Ադրբեջանական APA-ն, հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, գրում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում վերջին շրջանում լարվածությունը մտահոգիչ է, ընդգծել է, որ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով։ Բայրամովը հավաստիացրել է՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր օդային տարածքն օգտագործվի հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողությունների համար։

Բացի այս, Արաղչին այսօր մեկնում է Թուրքիա, որտեղ պատրաստվում է բանակցությունների Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ, ով օրերս՝ Փեզեշքիան-Էրդողան հեռախոսազրույցից հետո հայտարարեց՝ Իրանի դեմ կրկին պատերազմ սկսելը սխալ կլիներ։ «Իմ խորհուրդը մեր ամերիկացի բարեկամներին հետևյալն է՝ Իրանին վերաբերող հարցերը պետք է լուծել հերթով։ Նախ անդրադառնալ այդ երկրի միջուկային ծրագրին։ Երբ այդ հարցը լուծվի, անցնել մյուսներին»,- ասել էր Ֆիդանը։

Ի դեպ, մի շարք աղբյուրների համաձայն, Հաքան Ֆիդանը փորձում է միջնորդական ջանքեր ծավալել։ Նշվում է՝ հունվարի 13-20-ը նա չորս հեռախոսազրույց է ունեցել ամերիկյան և իրանական վարչակազմերի ներկայացուցիչների հետ։ Միևնույն ժամանակ, Թուրքիան ակտիվացրել է խորհրդակցությունները տարածաշրջանային հիմնական խաղացողների՝ Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Քաթարի հետ՝ փորձելով համակարգված մոտեցում մշակել լարվածության սրումը կանխելու համար։

Մեկ շաբաթ առաջ էր կայացել Փեզեշքիան-Էրդողան զրույցը։

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդմամբ, նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին։

Նա նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Իրանում խաղաղությանը և կայունությանը։ Նա հավելել է, որ Անկարան երբեք չի աջակցել Իրանի գործերին արտաքին միջամտություններին։ Երկու օր առաջ էլ կայացել է Էրդողանի հեռախոսազրույցն ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։

Թեև, պաշտոնական հաղորդագրության համաձայն, գլխավոր թեման իրավիճակն էր Սիրիայում և Գազայի հատվածում, այնուամենայնիվ, ըստ վերլուծաբանների, ղեկավարներն իրավիճակն Իրանի շուրջ չէին կարող դուրս թողնել հեռախոսազրույցի օրակարգից։

Ի դեպ, ռուսական Mash թելեգրամյան ալիքը գրում է, որ Իրանի կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում՝ երկրի ղեկավարության դեմ ԱՄՆ-ի հարվածների մասին լուրերի ֆոնին: Այս ալիքի տվյալներով՝ ինքնաթիռում կարող է լինել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մոնիտորինգային ալիքների տվյալներով՝ Նիկոլաս Մադուրոյին բռնելու գործողությանը մասնակցող ամերիկյան ինքնաթիռներն ուղևորվում են Մերձավոր Արևելք»,- գրում է MASH-ը։ The New York Times-ը, հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին, գրում է՝ ԱՄՆ-ի ռազմական հարվածն Իրանին կարող է իրականացվել առաջիկա 48 ժամվա ընթացքում։

«Ալ Ջազիրա» (Քաթար) հեռուստաալիքն էլ հաղորդել է, որ Իրանը, Չինաստանը և Ռուսաստանն առաջիկա օրերին համատեղ ռազմածովային զորավարժություններ կսկսեն Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսում։

Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը գտնում է, որ ԱՄՆ-ը մոտեցել է մի կետի, երբ հարվածից խուսափելը բարդ է։ Սակայն, ըստ նրա, Վաշինգտոնը հասկանում է, որ հարվածը կարող է ոչինչ չփոխել, ինչպես նաև ունենալ հետևանքներ, քանի որ Իրանը «մեկ թիրախի» պետություն չէ, ունի ինչպես ազդեցության այլ ուժեր, այնպես էլ՝ ամուր համակարգ, ինչը նշանակում էլ, որ կարող ես վնասել օբյեկտներ, բայց չոչնչացնել համակարգը։ Հենց դա է պատճառը, նրա խոսքով, որ լրատվամիջոցները գրում են թիրախային հարվածների հավանականության մասին։

«Բացի այդ՝ ԱՄՆ-ում հասկանում են, որ պատասխանն անխուսափելի է լինելու։ Ոչ ուղիղ, ոչ անմիջապես ԱՄՆ-ի դեմ, բայց տարածաշրջանում։ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, ծովային երթուղիներում։ Սա ԱՄՆ-ի համար նշանակում է երկար գործընթաց, ոչ արագ հաղթանակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Խրամչիխինը՝ շարունակելով, որ ԱՄՆ-ում շատերը հետաքրքրված չեն այս հարվածներով, հատկապես, երբ վերջնակետը հստակ չէ։

Նրա որակմամբ, ԱՄՆ-ը կարող է տակտիկական հաջողություն ունենալ, սակայն ռազմավարական հաջողությունը կասկածի տակ է՝ Իրանը չի փոխի իր հիմնական կուրսը, ընդհակառակը՝ հարվածը կարող է նրան ավելի արագ ու ավելի կոշտ դիրքավորման մղել։ Չինաստանը, վերլուծաբանի կարծիքով, այստեղ ամենակարևոր խաղացողն է, ով չի մտնելու պատերազմի մեջ, բայց նրա դիրքավորումն ԱՄՆ-ի համար հստակ ազդակ է։

«ՌԴ-ի գործոնը ևս առկա է, Ռուսաստանը լարում չի հրահրի, բայց կպահի աջակցությունն Իրանին, Իրանը լիովին մեկուսացված չի լինելու»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, նրա խոսքով, Իրանի հետ նման զարգացումը չի կարող չունենալ իր հետևանքներ ռեգիոնի համար։ «Այս փուլում կարծում եմ, խնդիրը այն է, որ Իրանի հետ հարաբերություններում սրացում չլինի, կարծում եմ՝ Իրանը դրանից կխուսափի։ Հայաստանը կպահպանի չեզոքություն, Ադրբեջանը հրապարակային՝ ևս, ամեն դեպքում Իրանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։ Սակայն ցանկացած ռազմական էսկալացիա միշտ ունի երկարաձգվելու, ինչպես նաև աննախադեպ ընթացքի ֆակտոր, ուստի ռեգիոնը պետք է գործի բարձր զգոնության իրավիճակում։ Բանակցությունները ևս, ավելորդ չէ ասել, որ կայունացնող գործոն են»,- ասաց Ալեքսանդր Խրամչիխինը։

Հարկ է նշել, որ Հայաստանի շուրջ ակտիվ դիվանագիտական շփումներ են, այցեր, բանակցություններ, ՀՀ իշխանություններին Իրանից որևէ պաշտոնյա չի զանգահարում, ինչպես նաև ՀՀ իշխանությունները կապ չեն հաստատում Իրան՝ հեռավորություն պահպանելով Իրանից։

Տեսանյութեր

Լրահոս