Ֆինլանդիայի օդում հայտնաբերվել է փոքր քանակությամբ ռադիոակտիվություն
Ֆինլանդիայի օդի նմուշներում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութերի փոքր քանակություններ: Այդուհանդերձ, հանրային առողջության համար որևէ վտանգ այս պահին չկա։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հունվարի 30-ին հայտարարել է Ֆինլանդիայի միջուկային անվտանգության վերահսկող մարմինը։
«Կոնցենտրացիաները շատ ցածր էին և որևէ վտանգ չէին ներկայացնում մարդկանց կամ շրջակա միջավայրի համար», – ասվում է Ռադիացիոն և միջուկային անվտանգության վարչության (STUK) հայտարարության մեջ։
Վարչությունից հայտնել են, որ ռադիոակտիվ նյութերը չեն ծագել ֆիննական ատոմակայաններից։ Այդուհանդերձ, որևէ բացատրություն չի տրվել դրանց ծագման վերաբերյալ։
«Շատ դեպքերում ռադիոակտիվ նյութերի աղբյուրը հնարավոր չէ նույնականացնել», – նշել են Ռադիացիոն և միջուկային անվտանգության վարչությունից։
Reuters-ը հիշեցնում է, որ Ֆինլանդիան, Շվեդիան, Ռուսաստանը այս հատվածներում ունեն մի շարք ատոմային էներգետիկ ռեակտորներ։
