Հունվարի 27-ի սուտ պատմության իրական պատմությունը. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է.  «Հունվարի 27-ի սուտ պատմության իրական պատմությունը

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու և Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհվածների հիշատակի օր սահմանելու օրենսդրական նախաձեռնության հեղինակը, ի սկզբանե, եղել է Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը, դեռևս 2024 թվականին, երբ հանդիսանում էր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր։ Հատկանշական է, որ Գեղամ Նազարյանն այդ ժամանակ առաջարկել է հիշատակի օր սահմանել ոչ թե հունվարի 27-ը, այլ սեպտեմբերի 27-ը՝ Արցախի 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը։

Երբ այդ նախագիծը 2024 թվականի հոկտեմբերի 17-ին քննարկվել է ՀՀ կառավարության նիստում, կառավարության եզրակացություն ստանալու համար, այն ընդգրկված է եղել չզեկուցվող հարցերի ցանկում, իսկ կառավարությունը մերժել է այդ առաջարկը, դրան տվել է բացասական եզրակացություն՝ հետևյալ պատճառաբանությամբ․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելուց, քանի որ հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհված անձանց հիշատակի ոգեկոչումը»։

Դրանից մոտ մեկ ամիս հետո, 2024 թվականի դեկտեմբերի 1-ին Գեղամ Նազարյանը դուրս է եկել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կազմից, որից հետո այդ նախագծի համահեղինակ է դարձել նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, իսկ զոհվածների հիշատակի օր առաջարկվել է սահմանել ոչ թե 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, սեպտեմբերի 27-ը, ինչպես առաջարկվել է ի սկզբանե, այլ՝ հունվարի 27-ը, որը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է, Բանակի օրվա նախատոնը և որևէ կապ ու խորհուրդ չունի Հայրենիքի համար զոհվածների որևէ իրադարձության կամ փաստի հետ։

Այդ փոփոխությանը կառավարությունը ոչ միայն տվել է դրական եզրակացություն (հակասելով ինքն իրեն), այլև Ազգային ժողովը 2026 թվականի հապճեպ կերպով ընդունել է այն, որպեսզի այն պաշտոնապես նշվի 2026 թվականից։

Հարկ է նկատել, որ այդ նախագծի համահեղինակներ Ռուբեն Ռուբինյանն ինքն իրեն համարում է ռազմական հանցագործ, քանի որ նա իր հայտարարություններով Արցախը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ դեռևս 1991 թվականից, սակայն ինքը, 2016 թվականի մայիսին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի կազմում Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի զորամասերից մեկում (Մարտակերտի ուղղությամբ) անցել է մարտական ծառայության՝ զինվորական համազգեստով, զինված, այսինքն` ռազմական հանցագործություն է իրականացրել Ադրբեջանի դեմ (իր արժեքային ընկալումներով), իսկ մյուս հեղինակը՝ Գեղամ Նազարյանը, նույն տրամաբանությամբ, ռազմական հացագործ է համարում իր որդուն՝ Աբգար Նազարյանին, ով, Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակում գտնվելով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ, մասնակցել է 44-օրյա պատերազմին և զոհվել է հայրենիքի պաշտպանության մարտերի ժամանակ»։

Տեսանյութեր

Լրահոս