Բաժիններ՝

Մինեսոտայում, ի նշան ներգաղթի ծառայության ռեյդերի դեմ բողոքի, հարյուրավոր ձեռնարկություններ են փակվել

Հարյուրավոր ձեռնարկություններ փակվել են Մինեսոտայում ուրբաթ օրը, իսկ հազարավոր ցուցարարներ ցրտաշունչ եղանակին դուրս են եկել փողոցներ, որպեսզի բողոքի ցույց անցկացնեն նահանգում շարունակվող ներգաղթի ռեյդերի դեմ, հայտնում է BBC News-ը։

Զանգվածային հանրահավաքները սկսվել են այն բանից հետո, երբ կազմակերպիչները կոչ են արել բնակիչներին բաց թողնել աշխատանքը կամ ուսումը և հրաժարվել գնումներից՝ ի նշան բողոքի ԱՄՆ ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) դեմ։ ICE-ի գործողությունը, որը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Մինեսոտայում, շարունակվում է արդեն ավելի քան վեց շաբաթ։ Վարչակազմը դա բնորոշել է որպես հանրային անվտանգության ապահովման գործողություն, որը նպատակ ունի արտաքսել երկրում ապօրինի գտնվող հանցագործներին։

Քննադատները զգուշացնում են, որ ձերբակալվում են նաև այնպիսի միգրանտներ, որոնք դատվածություն չունեն, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիներ։ Ուրբաթ օրը մոտ 100 հոգևորականներ են ձերբակալվել Մինեապոլիսի օդանավակայանում՝ բողոքի ակցիայի ընթացքում, որտեղ նրանք կոչ էին անում ամերիկյան ավիաընկերություններին հրաժարվել ICE-ի կողմից ձերբակալվածներին տեղափոխելուց։ Օդանավակայանների հանձնաժողովի ներկայացուցիչը Minnesota Reformer-ին հայտնել է, որ ձերբակալությունները կատարվել են այն բանից հետո, երբ «թույլատրված գործունեությունը դուրս է եկել համաձայնեցված պայմանների շրջանակից» և իրականացվել է հանրային անվտանգության ու օդանավակայան մուտքի ապահովման նպատակով։

Հազարավոր դաշնային ծառայողներ ուղարկվել են Մինեսոտա «Metro Surge» գործողության շրջանակում։ Մինեապոլիսի 37-ամյա բնակչուհի Ռենե Գուդի սպանությունը այս ամսվա սկզբին լարվածություն է առաջացրել ամբողջ նահանգում և արժանացել է տեղական իշխանությունների դատապարտմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս