«Թուրքիան ու Ադրբեջանը ՀՀ իշխանությունների միջոցով փորձում են ոչնչացնել էներգետիկ համակարգի անվտանգությունը. խնդիր է դրված՝ փակել ատոմակայանը». Արմեն Մանվելյան

Երեկ Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ TRIPP-ի շրջանակներում միանշանակ Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձ իրավունքով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից։

«Տեսեք, այն, ինչ ասում էիք, որ Հայաստանը պետք է ստանա փոխադարձ առավելություններ, այդ ի՞նչ փոխադարձ առավելություն է։ Ամոթ է, որ մենք դա չենք նկատում, բայց հարգելիներս, մենք արդեն ստացել ենք այդ փոխադարձ առավելությունների մի մասը, բա որ բենզինի գինը 20 տոկոսով ընկել է, բա ցորեն է ներկրվում ՀՀ Ռուսաստանից և Ղազախստանից, ընդ որում, տարբեր ընկերությունների կողմից, դա փոխադարձ առավելություն չէ՞»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Էներգետիկ և միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը, խոսելով, այսպես կոչված, էներգետիկ համակարգերի միավորման հնարավոր վտանգների մասին, ասաց՝ ՀՀ իշխանությունն արդեն 7-8 տարի է՝ իշխանության է, բայց մնացել է դիլետանտ և չի  էլ պատկերացնում, թե ինչ է ասում, և չի հասկանում, թե ինչ է ասել՝ էներգետիկ համակարգերի միացում։

«Իրականության մեջ խոսքը կարող է վերաբերել սինխրոնիզացմանը, այլ ոչ թե միավորմանը։ Այս իշխանության դիլետանտիզմը կարող է հանգեցնել նրան, որ անում են հայտարարություններ ու հետո չեն կարողանում վերլուծել։ Իրենց շրջապատում էլ մարդիկ են, որոնք թեման չեն պատկերացնում։ Եթե իրենք որոշել են գնալ համակարգերի սինխրոնիզացման, ապա դա շատ երկար ժամանակ պահանջող գործընթաց է, անհնար է, որ իրենց առջև դրված խնդիրը կարողանան լուծել 2-3 տարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մանվելյանը։

Կարդացեք նաև

Ըստ փորձագետի, Նիկոլ Փաշինյանը պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում, նաև դրա հետևանքները չի պատկերացնում։

«Սովորաբար սինխրոնիզացիան կարող է բերել նրան, որ մի երկրում տեղի ունեցած խոշոր վթարն ազդի հարևան երկրի էներգետիկայի վրա։ Սա, իհարկե, իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում, եթե դուք համակարգեր եք միացնում, դրանից կարող է ձեր ամբողջ համակարգն ուղղակի փլուզվել։ Սրանով էներգետիկ համակարգը կարող են բերել երկար ժամանակով անջատումների, սա վտանգներից միայն մեկն է, վտանգները տարբեր են։

Ուզում եմ նաև ասել, որ Հայաստանը դեռևս Խորհրդային Միության ժամանակ էներգիա գեներացնող ու արտահանող երկիր էր։ Վրաստանը և Ադրբեջանն էներգիա մեզանից էին ստանում, դրա համար էլ ատոմակայանը Հայաստանում էր կառուցվել, ոչ թե այլ վայրում։ Այսինքն՝ եթե այս իշխանությունը գրագետ աշխատանք տաներ, ապա Հայաստան կարող էր կրկին դառնալ էներգիա արտահանող երկիր, բայց հասկանալի է, որ Ադրբեջանը դա թույլ չի տա»,- հավելեց մեր զրուցակիցը։

Փորձագետը շեշտեց՝ եթե Հայաստանում լինի ազգային իշխանություն, այլ ոչ թե թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող քաղաքական կլան, այդ դեպքում հնարավոր կլինի էներգիա արտահանել։

Շարունակելով միտքը, Արմեն Մանվելյանը նկատեց՝ այս ամենի հետևում կանգնած է Թուրքիան, և խնդիրը միանշանակ այն է, որ Հայաստանում փակվի ատոմակայանը։

«Միանշանակ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն պահանջ՝ փակելու ատոմակայանը։ Այս խնդիրն իրենք փորձում են լուծել, ասելով՝ տեսեք, մենք ձեզ էներգիա ենք տալիս, կկապենք թուրքական ու ադրբեջանական համակարգին։ Միանշանակ՝ խնդիր է դրված ՀՀ ատոմակայանը փակել՝ Թուրքիան ու Ադրբեջանը ՀՀ իշխանությունների միջոցով փորձում են ոչնչացնել Հայաստանի էներգետիկ համակարգի անվտանգությունը։ Ուզում են իրենցից կախվածության մեջ դնել Հայաստանին, և այստեղ խնդիրն ավելի շատ Թուրքիան է, ոչ թե Ադրբեջանը։ Սա դառնալու է ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլև ազգային անվտանգության խնդիր»,- ընդգծեց Արմեն Մանվելյանը։

Տեսանյութեր

Լրահոս