Գեղեցկության սրահներ, փոքր կրպակներ, հացի փռեր, ձեր հարկերը լինելու են 0%. Նարեկ Կարապետյան
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը ԱԺ ընտրություններում հաղթելու դեպքում առաջին հերթին կստեղծի 300 հազար աշխատատեղ։ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։
Փոքր բիզնեսի դեպքում Կարապետյանն առաջարկում է ազատել բոլորին շրջհարկից, որպեսզի այն կարողանա շնչել։ Նա հիշեցրեց, որ միայն 2025 թ. ընթացքում հարկերը կրկնապատկվելու պատճառով մեր երկիրը կորցրել է մոտ 3000 ընկերություն։
«Մենք ասում ենք` հարկերը զրո տոկոս կլինեն գեղեցկության սրահների, հացի փռերի, փոքր կրպակների ու խանութների համար։ Միայն այնպես ենք անելու, որ հանկարծ միջին բիզնեսը չտրոհվի ու դառնա փոքր բիզնես։ Մինչև միջին բիզնես չդառնաս, քեզ մոռանալու են, հարգելի փոքր բիզնես. ուզում ես` ՀԴՄ խփի-մի խփի, այս ամենը մոռանալու եք, քանի որ եթե հիմա հարկայինը ձեզ վրա այսքան աշխատում է, ընդամենն ապահովում է բյուջեի 2 տոկոսը։ Միջազգային առևտրով մենք կբերենք ոչ թե երկու, այլ տասնյակ տոկոսներ, քանի որ մենք փոքր բիզնեսին հարկելու կարիք չունենք»,– հայտարարեց Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա` իրենց ծրագրած այս քայլերով տարեկան 2–3000 նոր ընկերություն են կարողանալու բացել։
