Խորեն Ա Մուրադբեկյան-Մուղդուսի բացառիկ նամակագրությունը 1937 թվականի արյունալի օրերին

1930-ականների հասարակական և քաղաքական բռնաճնշումների մասին խոսելով անհնար է շրջանցել այդ շրջանի հայ իրականության մեջ ապրած և իր ապազգային գործունեությամբ հանդես եկած մի մարդու՝ Խաչիկ Մուղդուսուն: Ով նաև մեծ «գործունեություն» է ծավալել հատկապես Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարում և հայ հոգևորականների դեմ բռնաճնշումներում: 1934թ. հուլիսից մինչև 1937թ. սեպտեմբեր նա զբաղեցրել է հանրապետության ներքին գործերի ժողովրդական կոմիսարի պաշտոնը։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի № 00447 հրամանով ընդգրկվել է «հատուկ եռյակի» կազմում։

Հայտնի է, որ միայն 1937թ. օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 18-ը՝ նրա պաշտոնավարման ընթացքում, Հայաստանում գնդակահարվել է 304 քաղաքացի։ Նույն շրջանում «Եռյակի» որոշումով Հայոց եկեղեցու 148 անդամներից 87-ի նկատմամբ գնդակահարության վճիռ է կայացվել: Բնականաբար, այդ ամենում իր «ակտիվ դերակատարությունն» է ունեցել Մուղդուսին, ով «պայքարում էր» թե՛ հոգևորականների դեմ, թե՛ մտավորականների, և թե՛ հասարակական-քաղաքական գործիչների դեմ:

Կարդացեք նաև

Այդ շրջանի և հատկապես՝ Մուղդուսու գործունեության մասին հետաքրքիր մանրամասների տեղեկանում ենք ժամանակաշրջանի պահպանված դիմումներից, նամակներից, որոնք ուղղված են եղել Մուղդուսուն: Այդ շրջանում կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանը պայքարում էր Հայոց եկեղեցին ոչնչացնել փորձող մարդկանց ու համակարգի դեմ: Եկեղեցին ոչնչացնել ցանկացող համակարգի պայքարի առաջին կետը հենց կաթողիկոսն էր: Ժամանակաշրջանի իրավիճակը պատկերացնելու համար կարդում ենք 1937 թվականին կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի նամակը՝ հասցեագրված ՀԽՍՀ ՆԳԺԿ Ժողկոմ Խաչիկ Մուղդուսուն: Նամակը թվագրված է 1937 թվական, մայիսի 9:

Նամակից հետաքրքիր մանրամասներ ենք իմանում, թե այդ շրջանում քանի՞ հայ հոգևորական էր մնացել, որ չէր ձերբակալվել, ովքե՞ր էին ձերբակալված և ի՞նչ պայմաններում էին նրանք գտնվում: Ստորև ներկայացնում ենք նամակը, որը տպագրվել է Մանուկյան Արմենակի «Հայ Առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 /ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի/» գրքում.

«Տարվույս ապրիլի 14-ի առավոտյան տեղեկացանք, որ 13-ի գիշերը ազատազրկման են ենթարկվել Տ. Տ. Արտակ և Իսահակ եպիսկոպոսները: Այս փաստը մեծ ցավ պատճառեց մեզ, քանի որ դեռ ամիսներ առաջ նույն վիճակին ենթարկվեցին Մայր Աթոռի երկու այլ միաբաններ Տ. Արիստակես և Թադևոս եպիսկոպոսները, որոնցից վերջինը ցարդ գտնվում է կալանքի տակ: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, որ այսօր Խորհրդային Միության մեջ ունի միայն 19 միաբան, նրանցից 4-ի նկատմամբ մեր Հայրենիքի և հարազատ կառավարության մեղադրանքը համազոր է անվստահության՝ հանդեպ Ս. Էջմիածինը…

…Չենք մոռանում, որ 1930 թվին մեր խնդրի հետևանքով, հենց մեր խնդրած օրը դուք բարեհաճեցիք ազատ արձակել և մեզ հանձնել Եղիշե վարդապետին, որը չորս ամիս կալանքի տակ էր գտնվում: Շնորհակալությամբ հիշատակում ենք նաև, որ Տ. Արիստակես եպիսկոպոսին ևս երկու ամիս կալանքի տակ մնալուց հետո կարգադրեցիք ազատ արձակել: Այս շնորհակալության արժանի դեպքերը հիշատակելով՝ մենք որպես Հայրապետ և հոգևոր հայր բանտարկյալ եպիսկոպոսների, խնդրում ենք Ձեզանից նույն ներողամտությունը հանդեպ Իսահակ և Արտակ եպիսկոպոսների: Կարևոր եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրելու նաև այն հանգամանքի վրա, որ Տ. Արտակ եպիսկոպոսը Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է, ուստի և նրա կալանավորումը որոշ չափով անվստահության ստվեր է ձգում մեր նախագահությամբ գործող Գերագույն Հոգևոր Խորհրդի վրա, որ մեծ վիշտ է պատճառում մեզ:

Կարևոր ենք համարում հայտնել նաև, որ Արտակ եպիսկոպոսը տառապում է ծանր հիվանդություններով. նա ունի տուբերկուլյոզ և հոդացավ, և նրա կալանքի տակ մնալը վտանգավոր կարող է լինել նրա կյանքի համար…

Լիահույս ենք և հավատում, որ մեր այս խնդիրը ուշադրության կառնեք, որով մեծ չափով կպարտավորեցնեք մեզ ավելի եռանդով ու սիրով շարունակելու մեր հայրենանվեր գործունեությունը»: (Մանուկյան Ա., «Հայ Առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 /ըստ ՊԱԿ-ի փաստաթղթերի/», Երևան, 1997, էջ 17-18):

1930-ականների բռնաճնշումները հայ իրականության մեջ պարզապես քաղաքական հաշվեհարդար չէին: Դրանք ուղղված էին ազգային ինքնության հիմնասյուների՝ եկեղեցու, մտավորականության և պատմական հիշողության դեմ։ Խաչիկ Մուղդուսու գործունեությունն այդ համակարգի ամենախորհրդանշական դրսևորումներից մեկն էր: Նա ոչ միայն կատարող էր, այլև իր գիտակցված մասնակցությամբ նպաստեց հայ հասարակության հոգևոր ու բարոյական դիմադրության ոչնչացմանը:

Հայ Առաքելական եկեղեցու դեմ ծավալված պայքարը պատահական չէր․ իշխանությունը հստակ հասկանում էր, որ մինչև կաթողիկոսը, մինչև հոգևորականությունը բռնաճնշված չլինեին, երկրում ամբողջական վերահսկողություն չէին կարող հաստատել: Կաթողիկոսի նամակը վկայում է, թե ինչպիսի անելանելի պայմաններում էր գտնվում կաթողիկոսը, ով իր հոգևորականների համար ստիպված էր նամակ գրել հենց այն համակարգի ներկայացուցչին, որը կառավարում էր պայքարը եկեղեցու դեմ:

Այս պատմությունը հիշելը անհրաժեշտ է ոչ թե անցյալի վրեժխնդրության, այլ մեր օրերում պատմական գիտակցության պահպանման համար։ Ցավոք, մեր օրերում «մուղդուսիները» ևս շատ են և նոր օրերում շարունակում են պայքարել Հայոց եկեղեցու դեմ:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս