Տրամաբանությունը հուշում է, որ Բաքուն չպետք է ցանկանա վերածվել Իրանի հարվածների թիրախի. կան մի շարք հանգամանքներ. Արամ Շահնազարյան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի խնդրանքով հունվարի 15-ին նիստ է անցկացնելու Իրանում վերջին օրերի իրադրության վերաբերյալ, թեպետ այս օրերին տեղեկություններ են ստացվում, որ իրավիճակն ամբողջությամբ երկրի իշխանությունների վերահսկողության ներքո է: Սրան զուգահեռ՝ համացանցում շրջանառվում են Իրանի փողոցներում «թափած» դիակների տեսակադրեր, ինչն իբր իրանական իշխանությունների ձեռքի գործն է: Իրանական իշխանություններից էլ պնդում են, որ ցուցարարները 3500 դոլար են ստացել մարդկանց սպանության դիմաց:
Ամեն դեպքում, 168.am-ը Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ որքանո՞վ կարելի է ասել, որ Իրանում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է: Այս օրերին տեղի ունեցածի հնարավորինս լայն պատկերը դիտարկելու դեպքում, ի՞նչ եզրակացություններ են արվել իրանական տարբեր շրջանակների կողմից, այսինքն՝ որքանո՞վ էր Իրանում տեղի ունեցածը պայմանավորված ներքին գործոնով, որքանով՝ արտաքին, և ցանկացածի դեպքում ի՞նչ խնդիր է փորձ արվել լուծել:
– Իրանում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարված լինելու թեման անհրաժեշտ է դիտարկել պետական կայունության տրամաբանության շրջանակում։ Այդ իմաստով կարելի է արձանագրել, որ իշխանությանը հաջողվել է վերահսկելի դարձնել փողոցային անկարգությունների դինամիկան, կանխել դրանց համակարգայինի վերածումը և վերականգնել անվտանգության համակարգի լիարժեք գործունակությունը։ Սակայն դա ամենևին չի նշանակում, որ ճգնաժամի խորքային պատճառները վերացված են: Կուտակված խնդիրները դեռևս լուծում չեն ստացել, շարունակում են մնալ և ունեն նոր դրսևորումներ ստանալու անհրաժեշտ ներուժ։
Ինչ վերաբերում է զոհերի թվին և այդ կապակցությամբ շրջանառվող տեսանյութերին, անհրաժեշտ է նշել՝ չկա որևէ պաշտոնական տվյալ, իսկ ընդդիմության կողմից հրապարակվող տվյալների հավաստիությունը փաստարկված չէ: Դրանք հիմնականում պետք է դիտարկել՝ որպես տեղեկատվական պատերազմի տարր, որի նպատակն իրավիճակի սրումն է և հանրային հոգեբանության վրա նպատակային ազդեցություն գործադրելը:
Իսկ տեղի ունեցած իրադարձությունները պետք է դիտարկել որպես ներքին և արտաքին գործոնների փոխկապակցված արդյունք: Այսինքն՝ ներքին դժգոհության վրա արտաքին միջամտության և ուղղորդման ակնհայտ փորձեր։ Փաստ է, որ Իրանում սոցիալական բողոքի օբյեկտիվ հիմք գոյություն ուներ, սակայն դրա մասշտաբայնացումը, խորհրդանշական դաշտը, մեդիա ուղեկցումը և հունվարի 8-9-ին բռնության և վանդալիզմի էսկալացիան հստակ պետք է դիտարկել որպես արտաքին կենտրոնների կողմից խթանված գործընթաց։ Այդ տրամաբանությամբ հարցը ոչ թե այն է, թե արդյո՞ք դժգոհություն կար, այլ այն՝ ո՞վ և ի՞նչ նպատակով փորձեց այն վերածել համակարգային ճգնաժամի։
Արտաքին գործոնի վերաբերյալ իրանական եզրահանգումները բավականին հստակ և ձևակերպված են։ Խոսքը վերաբերում է Իրանի տարածաշրջանային և գլոբալ մրցակիցներին, որոնք շահագրգռված են երկրի ներքին կենտրոնացվածության թուլացմամբ, անվտանգության ռեսուրսների սպառմամբ և արտաքին քաղաքական ճնշման համար նպաստավոր միջավայրի ձևավորմամբ։ Հստակ է, որ տեղեկատվական հարթակները, սոցիալական ցանցերը և իրավապաշտպան հռետորաբանությունը ծառայել են ոչ այնքան «ժողովրդավարության» և «մարդու իրավունքների» պաշտպանությանը, որքան պետական լեգիտիմության ոչնչացմանը։
Ընդհանուր առմամբ, Իրանում այս փուլում խոսքը ոչ թե ճգնաժամի լիարժեք՝ խորքային հաղթահարման, այլ դրա չեզոքացման մասին է: Հաջողվել է պաշտպանել համակարգը և կանխել անկառավարելի զարգացումները: Բայց նմանատիպ ցնցումներն ապագայում բացառված չեն, քանի դեռ կուտակված խնդիրներին արմատական լուծումներ չեն տրվել: Սակայն, տեսանելի հեռանկարում պետք է համարել, որ պետական համակարգը դիմացել է Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր լրջագույն ներքաղաքական փորձությանը և կարողացել է պահպանել իրավիճակի վերահսկողությունը։
– ՀՀ-ում Իրանի դեսպանը հրավիրված ասուլիսի ժամանակ, դժգոհություն հայտնելով ՀՀ-ում Իրանի դեսպանատան շենքի մոտ ծավալվող բողոքի ակցիաների փաստի մասին, հայտարարել է, որ Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար: Սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ Հայաստան-Իրան հարաբերությունների վրա, թեպետ ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է սրան՝ վստահեցնելով, որ իրանական կողմի մտահոգությունները կփորձեն փարատել:
– Կարծում եմ՝ դեսպան Շիրղոլամիի այս հայտարարությունը պետք է դիտարկել՝ որպես նախազգուշացնող դիվանագիտական ազդակ, որը միտված է կանխել երկկողմ հարաբերությունների համար անցանկալի զարգացումները։ Իրանական կողմը տվյալ դեպքում բարձրաձայնում է իր անվտանգության ընկալումներից բխող մտահոգություն՝ արձանագրելով, որ Հայաստանի տարածքում որոշ գործողություններ կարող են օգտագործվել երրորդ ուժերի կողմից՝ Իրանի դեմ ուղղված օրակարգ սպասարկելու համար։ Սա ավելի շուտ ազդանշան է գործընկերոջը՝ զգոնության և վերահսկողության անհրաժեշտության մասին, քան հարաբերությունները վերանայելու կամ սրելու ցանկություն։
Դեսպանի հարցազրույցի ընդհանուր տրամաբանությունը ցույց է տալիս, որ իրանական դիվանագիտության համար սկզբունքային է այն միտքը, որ Հայաստանը շարունակում է մնալ բարեկամ երկիր, որի հետ հարաբերությունները կառուցված են պատմական վստահության, փոխադարձ շահերի և տարածաշրջանային կայունության պահպանման վրա։ Հետևաբար՝ բարձրացված խնդիրը վերաբերում է ոչ թե հայ-իրանական հարաբերությունների էությանը, այլ այն ռիսկերին, որոնք կարող են ծագել, եթե Հայաստանն անգամ անուղղակիորեն դառնա Իրանի դեմ տեղեկատվական, քաղաքական կամ կազմակերպչական հարթակ։
Եթե այս ազդակը ճիշտ ընկալվի Երևանում, ապա դրա հետևանքը կարող է լինել ոչ թե հարաբերությունների վատթարացում, այլ, հակառակը, երկխոսության խորացում և փոխադարձ վստահության ամրապնդում։ Իրանն ակնկալում է, որ բարեկամ պետությունը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի ներքին կայունությունը խաթարող կամ արտաքին ճնշման գործիքակազմի մաս կազմող գործողությունների համար։ Այս համատեքստում դեսպանի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես հարաբերությունները պահպանելու և հնարավոր լարվածությունները վաղ փուլում չեզոքացնելու փորձ։
Այս համատեքստում, սակայն, չի կարելի շրջանցել նաև Հայաստանի իշխանությունների պատասխանատվության հարցը։ Իրանի դեսպանի նման հայտարարությունները մասամբ ձևավորվում են ոչ միայն արտաքին գործոնների ակտիվությամբ, այլև Երևանի կողմից ժամանակին ու հստակ քաղաքական ազդակների պակասով։ Երբ ռազմավարական գործընկեր երկրի անվտանգության նկատմամբ զգայուն հարցերում հայկական կողմը սահմանափակվում է լռությամբ կամ ձևական արձագանքներով, դա ստեղծում է վակուում, որը լցվում է կասկածներով և անվստահությամբ։
Եթե Հայաստանը ցանկանում է պահպանել Իրանի հետ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը, ապա պետք է ոչ միայն հայտարարի բարեկամության մասին, այլ գործնականում ցույց տա, որ վերահսկում է իր տարածքում տեղի ունեցող այն գործընթացները, որոնք կարող են վնասել այդ հարաբերություններին կամ օգտագործվել երրորդ ուժերի կողմից։ Սա արդեն ոչ թե դիվանագիտական նրբերանգի, այլ պետական մտածողության և պատասխանատվության հարց է։
– Վերջերս Իսրայելի առողջապահության նախարարությունը երկրի հիվանդանոցներին հրահանգ է իջեցրել, որ պատրաստ լինեն արտակարգ ռեժիմի անցման, հաշվի առնելով Իրանի հետ 12-օրյա պատերազմի արդյունքում արված հետևությունները: Ավելի ուշ տեղեկություն շրջանառվեց, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ինքնաթիռը` «Սիոնի թև», լքել է երկիրը, ինչը, չի բացառվում, նշան է այն բանի, որ Իրանին հարվածելու պահը հեռու չէ, հատկապես, երբ նախորդ հարձակումից առաջ ևս կառավարական «Սիոնի թև» ինքնաթիռը լքել էր երկրի տարածքը: Բայց The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, թե դեկտեմբերի վերջին Իսրայելի իշխանությունները Ռուսաստանի միջոցով տեղեկացրել են Իրանի ղեկավարներին, որ չեն հարվածի Իրանին, եթե Իսրայելը հարված չստանա իրենց կողմից, և Իրանը ռուսական խողովակներով պատասխանել է՝ ձեռնպահ կմնա հարվածից։ Իրականում որքանո՞վ է իրատեսական այս փուլում Իրանի վրա հարձակումը, այդ թվում՝ ԱՄՆ սպառնալիքները և հետաքրքրությունները հաշվի առնելով:
– Նախ նշեմ, որ Իսրայելի առողջապահական համակարգի նման հրահանգները, ըստ իս, նախևառաջ պետք է մեկնաբանվեն ոչ թե՝ որպես անմիջական հարձակման նախապատրաստում, այլ՝ որպես հոգեբանական և ռազմաքաղաքական ճնշման շրջանակում իրականացվող կանխարգելիչ քայլեր։ Իրանական դիտանկյունից՝ 12-օրյա պատերազմի ընթացքում արված եզրահանգումներն ավելի շատ վերաբերում են Իսրայելի ներքին խոցելիություններին, քաղաքացիական ենթակառուցվածքների սահմանափակ դիմադրունակությանը և երկարատև դիմակայության պարագայում հասարակության հոգեբանական պատրաստվածության խնդրին։ Այդ ֆոնին, Իսրայելում արտակարգ ռեժիմի մասին խոսքը ծառայում է նաև ներքին հանրությանը վերահսկելիության և պատրաստվածության պատրանք փոխանցելուն՝ միաժամանակ արտաքին ուղղությամբ ազդակ հղելով։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի վրա լայնամասշտաբ հարձակման իրատեսականությանը, ապա դա հավանական է, սակայն կան մի շարք գործոններ, որոնք շարունակում են որոշակիորեն սահմանափակել դրա հնարավորությունը:
Գլխավոր պատճառը ոչ միայն Իրանի ռազմական և հրթիռային զսպման կարողություններն են, այլև տարածաշրջանային շղթայական էսկալացիայի անխուսափելիությունը, որը կարող է դուրս գալ՝ ինչպես Իսրայելի, այնպես էլ՝ ԱՄՆ-ի վերահսկողությունից։ Իրանի դեմ ուղղակի ռազմական գործողությունը կնշանակի ոչ թե մեկ ուղղությամբ հարված, այլ ամբողջ տարածաշրջանի ապակայունացում՝ ներգրավելով Պարսից ծոցը, Կարմիր ծովը և մի շարք դաշնակից ոչ մասնակից պետությունների։ Այս գիտակցումը որոշակիորեն սահմանափակում է սպառնալիքների վերածումն իրական գործողությունների։
ԱՄՆ-ի հռետորաբանությունն Իրանի հասցեին Իրանում հիմնականում ընկալվում է՝ որպես ճնշման և զսպման գործիք, այլ ոչ թե՝ անմիջական պատերազմի նախերգանք։ Վաշինգտոնի համար Իրանի հետ բաց պատերազմը ներկայումս ունի չափազանց բարձր գին՝ թե՛ ներքաղաքական, թե՛ գլոբալ ռազմավարական առումով։ Այդ պատճառով իրանական կողմը համարում է, որ առկա զարգացումներն ավելի շատ ուղղված են հավասարակշռության պահպանմանը՝ ուժի ցուցադրման միջոցով, քան այդ հավասարակշռության խախտմանը։ Այս իմաստով սպառնալիքները դեռևս մնում են քաղաքական-հոգեբանական դաշտում, մինչդեռ իրական ռազմաքաղաքական հաշվարկները թելադրում են զգուշավորություն։
– Աշխարհաքաղաքական ի՞նչ հարց է փորձում լուծել ԱՄՆ-ը՝ Իրանին թուլացնելով, կամ՝ ո՞ւմ է փորձում Իրանի միջոցով խաղից դուրս թողնել:
– ԱՄՆ-ի գործողություններն Իրանի նկատմամբ պետք է դիտարկել ոչ այնքան՝ որպես անմիջական պատերազմի նախաձեռնություն, որքան՝ որպես աշխարհաքաղաքական հավասարակշռության վերահսկման մեխանիզմ։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնն Իրանի նկատմամբ ճնշում է գործադրում՝ մի կողմից փորձելով սահմանափակել Իրանի անկախ ռազմավարական նախաձեռնությունների հնարավորությունները, մյուս կողմից՝ զսպել Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի ռազմավարական ու անվտանգային դաշտերում։ ԱՄՆ-ի նպատակներից է՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ Իրանն իր ներքին խնդիրների և արտաքին ճնշման ազդեցության ներքո կկորցնի անմիջական ազդեցություն ունենալու հնարավորությունը որոշակի ռազմավարական հանգույցների վրա, այդ թվում՝ Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հետ ճակատագրական հարաբերություններում։
Վաշինգտոնի այս քաղաքականությունը նաև ուղղված է մի շարք տարածաշրջանային մրցակիցների հնարավորությունները զրոյացնելուն կամ նվազեցնելուն, որպեսզի ԱՄՆ-ի դաշնակիցներն ունենան առավելագույն վերահսկողություն Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Պարսից ծոցի էներգետիկ ուղիների վրա։ Ակնհայտ է, որ այս գործընթացը շաղկապվում է ԱՄՆ-ի՝ Իրանին տարածաշրջանային խաղից դուրս թողնելու փորձերի հետ, որոնք, սակայն, հաճախ հակառակ արդյունքն են տալիս՝ ամրապնդելով Իրանի տարածաշրջանային դիրքը:
Միաժամանակ, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը նաև փորձում է Իրանի միջոցով փորձարկել տարածաշրջանային գործընկերների և դաշնակիցների համբերության վերին սահմանը՝ տեսնելու, թե ովքեր են պատրաստ ենթարկվել ամերիկյան ճնշմանը, իսկ ովքեր՝ ոչ։ Այս իմաստով Իրանը դիտարկվում է՝ որպես ոչ միայն ճնշման թիրախ, այլև որպես ցուցիչ՝ ԱՄՆ-ի կողմից խաղի նոր ռազմավարական դասավորություններ ստեղծելու համար։
Իրանի փորձարկված պատասխանը, իր հերթին, ցույց է տալիս, որ ճնշումներն ու սպառնալիքները կարող են վերածվել ամրության ու ինքնիշխանության դիրքերի ամրապնդման, ինչն իրանական տեսանկյունից նվազեցնում է արտաքին խաղադրույքների արդյունավետությունը։
– Իրանին ճնշելու ԱՄՆ գործողությունների կամ հնչող սպառնալիքների համատեքստում ի՞նչ դերակատարում են ստանձնել կամ կստանձնեն Ադրբեջանը և Թուրքիան, եթե հատկապես պատերազմ սկսվի: Թեպետ Թուրքիան, ըստ էության, այս գաղափարը չի ողջունում, իսկ Ադրբեջանը բարդ իրավիճակում է հայտնվելու՝ հայտնի պատճառներով:
– Իրանում ռազմաքաղաքական դիտանկյունից Թուրքիայի և Ադրբեջանի դերակատարումները հնարավոր լայնամասշտաբ պատերազմի պարագայում դիտարկվում են զգուշավոր, բայց հստակ հաշվարկված շրջանակում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Անկարան լինելով ՆԱՏՕ-ի անդամ և միաժամանակ տարածաշրջանային հավակնություններ ունեցող պետություն, ամենայն հավանականությամբ, կփորձի խուսափել Իրանի հետ ռազմական ցանկացած բախումից։ Թուրքիայի համար Իրանի դեմ բաց ճակատ բացելը կնշանակի բարդացնել հարաբերությունները ոչ միայն Թեհրանի, այլև Մոսկվայի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք կարևոր դերակատարների հետ, ինչը լրջորեն կսահմանափակի նրա մանևրի հնարավորությունները։
Ադրբեջանի հավանական դերակատարումը, սակայն, պետք է դիտարկել ավելի զգայուն հարթության վրա՝ հաշվի առնելով նրա սերտ ռազմաքաղաքական կապերն Իսրայելի հետ և սահմանակից դիրքն Իրանի հյուսիսային շրջաններին և Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի փորձը։
Այնուամենայնիվ, տրամաբանությունը հուշում է, որ Բաքուն չպետք է ցանկանա վերածվել Իրանի հարվածների թիրախի։ Դա պայմանավորված է ոչ միայն Իրանի ռազմական զսպման հնարավորություններով, այլև Ադրբեջանի ներքին խոցելիություններով, էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությամբ և տարածաշրջանային հավասարակշռության խախտման բարձր ռիսկերով։
Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի արկածախնդրության դեպքում պատասխան քայլերը կլինեն արագ և համաչափ, ինչը Բաքվի համար չափազանց բարձր գին կստեղծի։ Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ էսկալացիայի դեպքում թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն առավելապես կընտրեն սպասողական և հաշվենկատ դիրքավորում:
Ընդհանուր առմամբ, Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր բախման պարագայում տարածաշրջանային դերակատարների մեծ մասը կփորձի խուսափել անմիջական ներգրավումից՝ գիտակցելով, որ պատերազմն արագորեն դուրս կգա վերահսկողությունից և կվերածվի լայն տարածաշրջանային ճգնաժամի։
