Թուրքիան 2025թ. ավտոմոբիլների արտահանման ռեկորդ է գրանցել
Թուրքական մամուլը հաղորդում է, որ Թուրքիայի ավտոմոբիլային ոլորտը 2025 թ․-ին արձանագրել է պատմական ռեկորդ՝ արտահանումը հասցնելով 41․5 մլրդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ուլուդաղ» ավտոմոբիլային արդյունաբերության արտահանողների միության տվյալներով՝ ոլորտի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 11․6%-ով՝ պահպանելով առաջատար դիրքը երկրի ընդհանուր արտահանման մեջ՝ 17․5% մասնաբաժնով։
Հաղորդվում է, որ ավտոմոբիլային արտահանման 89%-ը իրականացվել է ընդամենը հինգ նահանգից՝ Քոջաելիից, Բուրսայից, Ստամբուլից, Սաքարիայից և Անկարայից։ Առաջատարը դարձել է Քոջաելին, որտեղ արտահանումը մեկ տարում աճել է 30.5%-ով ՝ հասնելով 12.3 մլրդ դոլարի։ Բուրսան և Ստամբուլը նույնպես պահպանել են առաջատար դիրքերը, մինչդեռ Սաքարիայում արձանագրվել է անկում, իսկ Անկարան գրանցել է ավելի քան 30% աճ։
Ըստ հրապարակման՝ նշված հինգ նահանգների համախառն ավտոմոբիլային արտահանումը 2025-ին կազմել է մոտ 37 մլրդ դոլար։ Արտահանմանը նշանակալի ներդրում են ունեցել նաև Իզմիրը և մի շարք այլ նահանգներ, որոնցից յուրաքանչյուրից ավտոմոբիլային արտահանումը գերազանցել է 100 մլն դոլարը։



