Տարբեր սցենարներ կարող էին լինել, 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները կարող էին տեղի չունենալ. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի շուրջ երբեք անվտանգային միջավայրն այնքան կայուն չի եղել իր գոյության պատմության ընթացքում, որքան այսօր: Եվ ոչինչ, որ տարածաշրջանում անվտանգային և պատերազմական մարտահրավերներ կան:
«2026 թվականի հունվարի 14-ի դրությամբ Հայաստանը երբեք առավել պակաս սպառնալի և առավել անվտանգ ու կայուն միջավայրում չի եղել»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ սրանում իր դերն ունի «Թրամփի ուղի» նախագծի համատեքստում տեղի ունեցող գործընթացը:
«Այս իրադարձությունների մեկնարկի կետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ եվրոպական քաղաքական համայնքի ոնց որ թե առաջին գագաթնաժողովի ընթացքում՝ քառակողմ հանդիպման ժամանակ, ընդունվեց այն հայտնի հայտարարությունը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա արձանագրեցին միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու սկզբունքը: Սա շատ կարևոր արձանագրում էր, և ամեն ինչը սկսել է այդ կետից»,- մանրամասնել է Փաշինյանը, ըստ էության, ակնարկելով, որ «Զանգեզուրի միջանցք» կամ «Թրամփի ուղի» նախագծի շուրջ գործընթացի մեկնարկի համար որոշիչ դեր է ունեցել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը:
«Իհարկե, տարբեր սցենարներ կարող էին լինել, նաև 2023 թվականի Ղարաբաղի իրադարձությունները կարող էին տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է, դրա պատճառների մասին ես խոսել եմ»,- շեշտել է Փաշինյանը:
Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Հայաստանում տեղակայվել է ԵՄ դիտորդական կարճաժամկետ առաքելությունը, որը հետո դարձավ երկարաժամկետ: Բնականաբար, չի անտեսվել 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների հարցը:
«Ի վերջո, 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ ինչն էր մեր հետևությունը և եզրակացությունը, ինչ փոխվեց ընդհանրապես: Մենք հասկացանք, որ մեր հարցերի լուծումը չպետք է ուրիշ որևէ մեկից սպասենք»,- նշել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում



