«Վեհափառի հայտարարությանն եմ սպասում. Կաթողիկոսը պետք է խոսի». Աշոտ Հարությունյան
Դեռևս նոյեմբերին հայտնի դարձավ, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը միացել է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական արշավին։
Օրերս էլ տեսանք, որ Փաշինյանի այդ արշավից անմասն չի մնացել Արցախի հերոս, գեներալ Կարեն Շաքարյանը։ Արցախահայերի համար այս ամենն անընդունելի է, անտրամաբանական, չեն պատկերացնում, որ արցախցին կարող է կիսել այն մարդու գաղափարները, ով Արցախը երբեք չի համարել հայկական, ավելին՝ ճանաչել է Ադրբեջանի մաս։
Շուշիի պատմության թանգարանի տնօրեն, պատմաբան Աշոտ Հարությունյանն Արցախի թեմի առաջնորդի, նաև Կարեն Շաքարյանի քայլերն անհասկանալի է համարում, չգիտի՝ ինչպես են կարողացել այդ քայլին դիմել։
«Իհարկե, գնահատական կարող եմ տալ իրենց արածին, բայց առաջին հերթին իրենք իրենց կատարած քայլերին պետք է տան այդ գնահատականը։ Պետք է հենց իրենց հարցնել՝ ինչո՞ւ։
Ըստ իս, Արցախի թեմի առաջնորդը քաղաքական տեսանկյունից թերուս մարդ է, ինքը հաշվի չի առել այն հանգամանքը, որ այսօր իր հայրենակից 150 հազարից ավելի արցախահայեր բռնի տեղահանվել են, եկել են Հայաստան, ունեն հազարավոր խնդիրներ։ Իր հիմնական պարտավորությունը պետք է լիներ այն, որ իր հոտի կողքին կանգներ, կենտրոնացներ համայն հայության ուժերը՝ արցախահայերի խնդիրները լուծելու համար։ Արցախի թեմի առաջնորդը մի ուղի է ընտրել, որը ցույց է տալիս՝ եկեղեցու գործունեությունից չհասկացող մարդ է։
Ինչ վերաբերում է եկեղեցու նկատմամբ այս ճնշումներին ու հալածանքներին, նման բան, բացի միջնադարից, եղել է նաև Գոլիցինի ժամանակ՝ 1905 թվականին։ Այդ ժամանակ նա հայտարարեց, որ հայ ազգին պահողը միայն եկեղեցին է, հետևաբար՝ որոշեց հարված հասցնել եկեղեցուն, բայց իր պատասխանը, իհարկե, ստացավ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը։
Պատմաբանը միաժամանակ նշեց, որ, եթե տեր Վրթանեսի փոխարեն լիներ, օրինակ, Պարգև սրբազանը, ապա նա ամեն ինչ կասեր, քանի որ նրան գիտի, նա շատ հայրենասեր մարդ է, բայց Արցախի թեմի ներկայիս առաջնորդին չի էլ ճանաչում, նույնիսկ չգիտի՝ արդյո՞ք արժանի է Պարգև սրբազանից հետո ստանձնելու Արցախի թեմի առաջնորդի պատվաբեր պաշտոնը։
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե երկրի ղեկավարը պայքարում է Վեհափառ հայրապետին հեռացնելու համար, պետք է Վեհափառը հայտարարությամբ հանդես գա, միայն այդ հայտարարությունից հետո կարող է որպես քաղաքացի, պատմաբան՝ հնչեցնել իր կարծիքը։
«Ամեն դեպքում ինքս այն կարծիքին եմ, որ երկրի ղեկավարը դրսից ինչ-որ մեկի խորհրդով որոշել է Ամենայն Հայոց կաթողիկոսին Հայաստանից հեռացնել։ Վստահաբար, այս պաշտոնից չի կարող հեռացնել, որովհետև 1,5 մլն հայությունը 10 մլն հայության կողմից ընտրված մարդու վերաբերյալ որոշում չի կարող ընդունել։ Բայց կրկնում եմ՝ կարող է այնպիսի պայմաններ ստեղծել, որ Կաթողիկոսն ուղղակի հեռանա Հայաստանից, ըստ իս, հենց դրան էլ տանում է ամեն ինչ։ Հայաստանի ղեկավարը հավանաբար ուզում է էջմիածինյան կամ երևանյան կաթողիկոսություն ստեղծել, որը չի լինի համահայկական և կենթարկվի միայն իրեն կամ էլ այն ուժերին, որոնց պատվերն այժմ կատարում է»,- հավելեց Աշոտ Հարությունյանը։
Նա նաև հավելեց, որ ասելիք շատ ունի, բայց սպասում է Էջմիածնի կողմից մեծ հակադարձության այս հակաեկեղեցական արշավին, որը մինչ այս պահը չկա։
«Գուցե ինչ-ոչ խութեր կան, որոնց ինքներս տեղյակ չենք, դրա համար եմ ասում՝ ասելիքը շատ է, բայց Վեհափառի հայտարարությանն եմ սպասում։ Իհարկե, նաև հասկանում եմ այն, որ Վեհափառը չի ցանկանում ավելի խորացնել հասարակության բաժանումը, բայց երբ ասում ենք, որ այս փոփոխություններն ուզում են դրսի ուժերը, Կաթողիկոսը պետք է խոսի։ Պետք է հստակ դիրքորոշում արտահայտի, որի շուրջ էլ մենք կարող ենք համախմբվել»,- ընդգծեց Աշոտ Հարությունյանը։
