Բաժիններ՝

Եմենի իշխանությունները 90 օրով արտակարգ դրության ռեժիմ են սահմանել և ԱՄԷ ուժերից պահանջել դուրս գալ երկրից

Եմենի իշխանությունները 90 օրով արտակարգ դրություն և 72-ժամյա շրջափակում են հայտարարել ամբողջ երկրում։ Բացի այդ, երկրի իշխանություններն Արաբական Միացյալ Էմիրությունների ուժերից պահանջել են 24 ժամվա ընթացքում դուրս գալ Եմենի տարածքից։ Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն։

Ըստ հրապարակման՝ Եմենի նախագահական կառավարման խորհրդի նախագահ Ռաշադ ալ-Ալիմին հայտարարել է 72-ժամով օդային, ցամաքային և ծովային շրջափակման մասին Եմեն մուտք գործելու բոլոր կետերում, ինչպես նաև 90 օրով սահմանել է արտակարգ դրության ռեժիմ, որը կարող է երկարաձգվել։

Կառավարությունը նաև պահանջել է ԱՄԷ բոլոր ուժերի դուրսբերումը երկրից 24 ժամվա ընթացքում՝ նշելով, որ Եմենը չի կարող դիմակայել նոր ճակատների բացմանը։

«Մենք ուժեղ ենք Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի աջակցության շնորհիվ», – հավելել է նա։

Սաուդյան Արաբիան դեկտեմբերի 30-ի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Եմենի Էլ Մուքալա նավահանգստային քաղաքին՝ թիրախավորելով Ֆուջեյրայից (ԱՄԷ) ժամանած երկու նավ, որոնք «մեծ քանակությամբ զենք ու մարտական մեքենաներ» էին տեղափոխում Հարավային անցումային խորհրդի (ՀԱԽ) ուժերին, որոնց աջակցում է Արաբական Միացյալ Էմիրությունները։

Դեկտեմբերին ՀԱԽ-ն իր վերահսկողության տակ է վերցրել երկրի հարավում գտնվող երկու նահանգները, որոնք մինչ այդ կառավարվում էին միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարության կողմից։ Ավելի ուշ ՀԱԽ-ի ղեկավար Այդարուս Քասեմ Աբդուլ Ազիզ ազ Զուբեյդին հայտարարել է, որ այժմ ժամանակն է անցնել երկրի հյուսիսը, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան վերահսկող հութիների դեմ գործողությանը։

ՀԱԽ-ը հանդես է գալիս, այդ թվում, Եմենի հարավային շրջանների անջատման օգտին։

Եմենում հակամարտությունն սկսվել է 2014 թվականին։ Այն ժամանակ հութիները, որոնց աջակցում է Իրանը, գրավեցին երկրի մայրաքաղաք Սանան և Եմենի հյուսիսի մեծ մասը։ Արաբական կոալիցիան, որը 2015 թվականին միջամտել է հակամարտությանը, աջակցում է Եմենի կառավարական զորքերին։ Դրա հետ մեկտեղ ԱՄԷ-ն, որը վարժեցնում և ֆինանսավորում է ՀԱԽ-ի հովանու տակ գտնվող խմբավորումներին, նույնպես մտնում է կոալիցիայի մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս