Զելենսկին հերքել է Լավրովի հայտարարությունը Պուտինի նստավայրին ուկրաինական հարվածների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «սուտ» է անվանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի ուղղությամբ ուկրաինական զանգվածային գրոհի մասին. այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

Զելենսկու պնդմամբ՝ Ռուսաստանը պլանավորում է հարվածներ հասցնել Կիևին և պատրվակ է փնտրում դրանք արդարացնելու համար։

«Սա Ռուսաստանի Դաշնության հերթական սուտն է։ Հասկանալի է, որ մենք երեկ հանդիպում ենք ունեցել (ԱՄՆ նախագահ) Թրամփի հետ, և հասկանալի է, որ ռուսների համար, եթե մենք վեճ չունենք Ամերիկայի հետ, այլ ունենք առաջընթաց, ապա դա նրանց համար ձախողում է։ Որովհետև նրանք չեն ցանկանում ավարտել այս պատերազմը, նրանք կարող են այն ավարտել միայն ճնշման միջոցով։ Այնպես որ, ես վստահ եմ դրանում, նրանք պատրվակներ էին փնտրում», – ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինան դեկտամբերի լույս 29-ի գիշերը անօդաչուներով գրոհ է ձեռնարկել ՌԴ նախագահի՝ Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի ուղղությամբ. բոլոր 91 ԱԹՍ-ները ոչնչացվել են։ Մոսկվան խոստացել է, որ այս գործողություններն անպատասխան չեն մնա, և ՌԴ-ն կվերանայի բանակցային դիրքորոշումները։

Տեսանյութեր

Լրահոս