Կոբախիձեն հայտարարել է, որ ԵՄ-ի համար շահավետ է հարաբերությունների բարելավումը Վրաստանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն համոզմունք է հայտնել, որ Եվրամիության համար շահավետ է հարաբերությունների բարելավումը հանրապետության հետ, և հայտարարել է, որ լավատեսորեն է նայում գալիք տարում հարաբերությունների վերագործարկմանը։

«Օբյեկտիվորեն Եվրամիության շահերից չի բխում նման տիպի բացասական հարաբերությունների շարունակումը Վրաստանի հետ, առավել ևս Եվրամիության առկա դժվարությունների ֆոնին, որոնց պատճառը ռազմական գործողություններն են Ուկրաինայում և շատ շահավետ ռուսական շուկայի կորուստը», – ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։

Վարչապետը նշել է, որ այդ պայմաններում ԵՄ-ի շահերից է բխում գտնել նոր ուղիներ դեպի Արևելք, և այդ ուղղությամբ ամենաարդյունավետ ուղին անցնում է Վրաստանով դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ և Չինաստան։

«Երբ Եվրամիությունը դա չի անում, մենք կարող ենք տրամաբանական եզրակացություն անել. եվրոպական բյուրոկրատիան չի կարողանում գործել սուվերեն կարգով: Մենք այլ բացատրություն չունենք», – ասել է Կոբախիձեն։

Նա անհեթեթություն է անվանել ԵՄ ներկայացուցիչների միջև վերջերս կայացած հանդիպումն Ասիայի և Հարավային Կովկասի յոթ պետությունների հետ՝ նվիրված Սև ծովով տրանսպորտային կապերին, որին Վրաստանը չէր հրավիրվել՝ չնայած միակն է այդ երկրների թվում, որ ունի ելք դեպի Սև ծով։

«Այնուամենայնիվ, մենք լավատեսորեն ենք նայում գալիք տարում Եվրամիության հետ հարաբերությունների վերագործարկմանը», – ասել է Կոբախիձեն:

Տեսանյութեր

Լրահոս