Հիմա ո՞վ կարող է ասել, թե այսքանից հետո մեր երկրի ԱԱԾ-ի հետ քանի իրական օգուտ տվող մարդ կհամագործակցի Հայաստանի ներսում. Նարեկ Սամսոնյան

Ընդհանրապես, գործակալական ցանցը հարյուրամյակներ շարունակ աշխարհի բոլոր` մեզ հայտնի հատուկ ծառայությունների միակ գործիքակազմն է եղել։ Հեռավոր 19-րդ դարասկզբին, երբ դեռ չկային տելեգրաֆն ու օդային հաղորդակցության միջոցները, հետախուզական նոր ձեւավորվող ապագա հսկաները հասկացել էին, որ իրենց գործին միակ օժանդակող համակարգը գործակալական ցանցերն են, եւ հենց այդ ժամանակներից է գալիս գործակալին որեւէ պարագայում չհանձնելու, անունը չհրապարակելու՝ իրեն հարգող ցանկացած հատուկ ծառայության ոսկե կանոնը։ Ավելին, հատուկ ծառայության ղեկավարները շատ հաճախ իրենք էլ չեն տիրապետում գործակալական ցանցի անուններին (այլ հարց է՝ ծածկանունը), քանի որ դա կարող է վտանգել գործակալին եւ կասկածի տակ դնել աշխատանքային արդյունավետությունը։ Իսկ, մյուս կողմից, ծառայության ղեկավարի համար գործակալական ցանցի տվյալներին տիրապետելն անվստահության նշան է սեփական հիմնարկի համապատասխան բաժնի պետերի եւ օպերատիվ աշխատողների նկատմամբ։

Այս կանոնը մինչ օրս գործում է աշխարհի` մեզ հայտնի բոլոր հատուկ ծառայություններում, որոնց երկրի ղեկավարները երբեք իրենց թույլ չեն տա այդ ծառայության պետերից գործակալական ցանցի մասին տեղեկատվություն պահանջել, քանի որ դա կարող է հանգեցնել վատ հետեւանքների։ Ի դեպ, կարծում եմ, դատարանի բակում երրորդ նախագահի տված մեկնաբանությունը՝ գործակալների հետ կապված, հենց վերոգրյալ ոսկե կանոնի մասին էր, ինչը նաեւ շատ մեղմ ակնարկ էր պարունակում իր մեջ՝ ուղղված այսօր մեր ԱԱԾ-ն քանդողներին։

Նիկոլ Փաշինյանը մեր օրերում այնքան է իջեցրել ամեն ինչի նշաձողը, որ վերը նշված սկզբունքներն ու կանոնները չէին էլ կարող վերջինիս համար զսպող հանգամանք լինել, եւ սա էլ պետք է ապականվեր ու պղծվեր։ Եվ հիմա ո՞վ կարող է ասել, թե այսքանից հետո մեր երկրի ԱԱԾ-ի հետ քանի իրական օգուտ տվող մարդ կհամագործակցի Հայաստանի ներսում։ Իսկ այս աբսուրդի թատրոնը տեսնելով ո՞ր մի խելագար օտարերկրացին պատրաստ կլինի հավաքագրվել սեփական արխիվները կամ դրանց իմիտացիան «ճ» կլասի մեդիաներով հրապարակող կառույցի կողմից։ Հարցերը հռետորական են, բայց տեղի ունեցողի հետեւանքները` աղետալի մեր երկրի դեռեւս քիչ թե շատ ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող կառույցի համար։

Պատկերացրեք՝ արտերկրում երբեմնի հետախուզական գործողություններ կատարած, երկրի ներսում հակահետախուզությամբ եւ հակաահաբեկչական գործողություններ իրականացրած կառույցն այսօր վերածվել է ինչ-որ փոքրոգի արարածի ներքաղաքական քմահաճույքները կատարող փոքրիկ կանտորայի։ Մի օր հակաահաբեկչական «Ալֆա»-ն դիմակներով ներխուժում է Վազգենենց ու մեր տուն, վախեցնում քաղաքական հակառակորդների երեխաներին, մյուս օրը 7-րդ վարչության աշխատակիցները գնում են Նիկոլի համար քահանա համոզելու, հաջորդ օրը վարչության պետերը կապարակնքում են եկեղեցին, հետո, ըստ մամուլում շրջանառվող եւ չհերքվող տեղեկությունների, զանգում են դատավորներին եւ ստիպում կալանք տալ փոքրոգի արարածի հակառակորդներին, իսկ որպես վերջաբան, ստիպում են հրապարակել ՊԱԿ-ի արխիվի՝ իմիտացիա ենթադրող փաստաթուղթ եւ վերջնականապես փակում հիմնարկի հիմնական նշանակության վերջին դուռը։

Անկեղծ ասեմ, ես այս ամենին մեծ ցավով եմ նայում, քանի որ մասնագիտության բերումով մեծ հետաքրքրություն եմ ունեցել հատուկ ծառայությունների կառուցվածքի եւ պատմության նկատմամբ։ Երկար տարիներ խորն ուսումնասիրել եմ աշխարհի ամենահայտնի հատուկ ծառայությունների պատմությունն ու արված օպերացիաները։ Մեծ բարեբախտություն եմ ունեցել անձամբ շփվել ՀՀ մի քանի պաշտոնաթող ԱԱԾ պետերի հետ եւ երբեք չեմ պատկերացրել, որ կգա մի օր, որ մեծ ԱԱԾ-ն ինչ-որ փոքրոգի անադեկվատ ռեժիմի պարագլուխ կհասցնի այս օրվան։ Բայց, ինչպես ասում են, սա էլ կավարտվի, եւ ապագայում, թեկուզ՝ ոչ հրապարակային, գնահատականներ կտրվեն այս օրերի գործողություններին, իսկ մինչ այդ դիմացե՛ք, ԱԱԾ-ի նվիրյալներ, դիմացե՛ք, պարոնայք սպաներ։

ԱԱԾ հակաահաբեկ­չական ջոկատի կողմից ռեժիմին քննադատելու համար ձերբակալված եւ կալանավորված, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

«Հրապարակ»

Տեսանյութեր

Լրահոս