Արևմուտքի հետ ՀՀ-ի խորացող համագործակցությունն անկայունություն կբերի, իսկ Կրեմլը կփորձի վերականգնել տարածաշրջանում իր ազդեցությունը․ Stratfor
Սահմանային երթուղիների վերականգնումն ընդգծում է Հայաստանի տարածաշրջանային դիրքի փոփոխությունը։ Ռուսաստանի հետ պրագմատիկ առևտրային և էներգետիկ կապերը կարող են կայունացնող ազդեցություն ունենալ կարճաժամկետ հեռանկարում: Սակայն Արևմուտքի հետ խորացող համագործակցությունը, որն ամրապնդվել է Եվրամիության հետ նոր ռազմավարական օրակարգի ստորագրմամբ, անկայունություն կբերի, քանի որ Կրեմլը, հավանաբար, կփնտրի տարածաշրջանում իր ազդեցությունը վերականգնելու ուղիներ։ Այս մասին գրում է Stratfor վերլուծական կենտրոնը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սանկտ Պետերբուրգում հայտնել է, որ Հարավային Կովկասում տեղի են ունենում էական և դրական փոփոխություններ՝ նշելով Ադրբեջանի տարածքով երկաթուղային տարանցման վերսկսումը և Հայաստանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային հիմնական հատվածների վերականգնման նոր օրակարգը։ Պուտինը, իր հերթին, ընդգծել է «Հայաստանի սահմանները բացելու» ներուժը և համագործակցությունն առաջ մղելու հնարավորությունները՝ նույնիսկ երկկողմ առևտրի աճի դանդաղման պայմաններում։
Սա Փաշինյանի երրորդ անմիջական հանդիպումն էր Պուտինի հետ 2025 թվականին՝ 2023 թվականին երկկողմ հարաբերությունների վատթարացումից հետո: Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով նվազել է 59%-ով: Փաշինյանը, մասնավորապես, չի մասնակցել նոյեմբերին Բիշքեկում (Ղրղզստան) կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին՝ շարունակելով Մոսկվայի գլխավորած դաշինքից հեռացման միտումը: Միաժամանակ՝ նոր կարգավորվող տարանցիկ երթուղիները հնարավորություն են տվել Ռուսաստանի և Ղազախստանի ցորենը Հայաստան բերել Ադրբեջանի տարածքով: Դեկտեմբերի 23-ի դրությամբ Ադրբեջանը սկսել է բենզին վաճառել Հայաստանում՝ ռուսական վառելիքից մոտ 17% պակաս գնով՝ չնայած Ռուսաստանը դեռևս մատակարարում է Հայաստանի վառելիքի ընդհանուր ներմուծման մոտ երկու երրորդը:
