Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին անհրաժեշտ է ազգային անվտանգության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Գրենլանդիան ԱՄՆ-ին հարկավոր է ազգային անվտանգության համար, և որ իր նշանակած հատուկ բանագնացը կգլխավորի այդ ուղղությամբ ջանքերը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, այլ ոչ թե հանքանյութերի…. Եթե նայեք Գրենլանդիային, նայեք ափից վերև և ներքև, ամենուրեք կտեսնեք ռուսական և չինական նավեր։ Այն մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։ Այն պետք է մերը դառնա», – լրագրողներին ասել է Թրամփը Ֆլորիդայի նահանգում՝ հավելելով, որ Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին ցանկանում է «գլխավորել այդ արշավը»։

Դեկտեմբերի 21-ին Թրամփը Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց, ինչը դժգոհություն է առաջացրել ինչպես Դանիայում, այնպես էլ թագավորության կազմի մեջ մտնող ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիայում։

Թրամփն իր երկրորդ նախագահության սկզբից ակտիվորեն հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է դառնա ԱՄՆ-ի մաս՝ դա պատճառաբանելով կղզու ռազմավարական կարևորությամբ և հանքանյութերով։ 2024 թ. հունվարին նահանգապետի պաշտոնը ստանձնած Լենդրին աջակցում է այս գաղափարին։

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին։

«Չի կարելի անեքսիայի ենթարկել մեկ այլ երկիր՝ նույնիսկ միջազգային անվտանգության վերաբերյալ փաստարկներով։ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, և ԱՄՆ-ն չի կարող զավթել Գրենլանդիան», – հայտարարել են նրանք։

Գրենլանդիան, որը նախկինում դանիական գաղութ էր և ունի մոտ 57 000 բնակչություն, 2009 թվականի համաձայնագրով իրավունք ունի անկախություն հռչակել, սակայն դեռ մեծապես կախված է ձկնորսությունից և դանիական սուբսիդիաներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս