ՀՀ դեսպանն ու Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի պաշտպանության նախարար, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Դաուրեն Կոսանովի հետ։ Այս մասին հայտնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ հանդիպմանը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը ներկայացվել է Ղազախստանում Հայաստանի դեսպանությանը կից նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Նորոյանը։
«Հաջորդած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, որոնք երկկողմ փոխգործակցությունն իրականացնում են ծրագրային հիմքի վրա»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև համագործակցության իրավական հենքի ընդլայնման հարցերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների։
