Մենք չենք աջակցում քաղաքական որևէ ուժի և չենք պայքարում որևէ մեկի դեմ. Ռուբեն Վարդանյանի կին. «Մեդիամաքս»

Մեդիամաքսը բացառիկ հարցազրույց է ունեցել սոցիալական ձեռնարկատեր եւ բարերար, Ռուբեն Վարդանյան եւ Վերոնիկա Զոնաբենդ հիմնադրամի (RVVZ) եւ բարեգործական այլ հիմնադրամների ու ծրագրերի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի հետ:

(Հարցազրույցը կայացել է նախքան դեկտեմբերի 18-ը, երբ Բաքվում պետական մեղադրողը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջել)։

-Դուք ասում եք, որ Ռուբենը քաղաքական գործիչ չէ, բայց հայտնի է, որ նա սկսել էր համագործակցել «Ապրելու երկիր» կուսակցության հետ։ Դուք եւ Ձեր ընտանիքը համագործակցո՞ւմ եք այդ կամ որեւէ այլ քաղաքական ուժի հետ, օրինակ՝ ուժերի, որոնք աջակցություն են հայտնում Ռուբենին եւ մյուս հայ գերիներին։

– Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ռուբենին եւ մյուս հայ գերիներին եւ ջանքեր են ներդնում նրանց ազատ արձակման համար: Մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց բոլորին, բայց, միեւնույն ժամանակ, քաղաքականությունից դուրս ենք մնում։ Մենք չենք աջակցում քաղաքական որեւէ ուժի եւ չենք պայքարում որեւէ մեկի դեմ։ Մեր ողջ եռանդը, բոլոր ջանքերը կենտրոնացած են բացառապես Ռուբենի վերադարձի վրա։

– Այժմ, երբ նրան երկու տարի ապօրինաբար պահում են Ադրբեջանում, բոլոր գաղափարների հետեւողական իրականացումը Ձեր ուսերին է։ Դժվար չէ՞։

– Աստված մեզ ուժերից վեր փորձություններ չի տալիս։ Բացի այդ, ես մենակ չեմ. իմ եւ ընտանիքիս կողքին շատ մարդիկ կան, որոնց վրա կարող ենք հենվել այս դժվարին ժամանակաշրջանում, եւ դա մեծ երջանկություն է։

Առհասարակ, հետաքրքիր է, թե որքան տարբեր են մարդիկ իրենց դրսեւորում մեր ընտանիքի համար այս ծանր իրավիճակում: Կան մարդիկ, որոնք անվերապահ աջակցություն են ցուցաբերել եւ շարունակում են ցուցաբերել։ Սակայն կան նաեւ այնպիսիք, որոնք նմանվում են թալանչիների հրդեհի ժամանակ։

Օրինակ՝ մեր նախկին գործընկերներից մեկը, որին փոխանցել ենք Դիլիջանում շատ լավ հողամասի սեփականության իրավունքը, դատական հայց ներկայացրեց մեր դեմ, որպեսզի չկատարի մեր նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները։ Ինչպես ասում են՝ Աստված նրան դատավոր։ Բարեբախտաբար, դա գրեթե միակ նման դեպքն է։ Ընդհակառակը. մեզ օգնություն են ցուցաբերել նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնցից չէինք սպասում։ Շատերը դա չեն գովազդում, պարզապես ասում են, որ իրենց բարոյական պարտքն են համարում։

Մեր բոլոր ընկերների շնորհիվ մենք կարող ենք շարունակել այն աշխատանքը, որին նվիրել ենք մեզ։ Ես խոսքեր չեմ գտնում նրանց շնորհակալություն հայտնելու այն ձեւով, որին նրանք արժանի են։

– Տեղեկություն ունեմ, որ ձեր հիմնադրամների նկատմամբ բողոք են ներկայացրել՝ պնդելով, որ նպատակային չեն օգտագործում այն տարածքները, որոնցում ծրագրեր եք իրականացնում, և, հետևաբար, դրանք պետք է վերադարձվեն պետությանը։

– Այդքան էլ այդպես չէ։ Այդ տարածքները մենք պետությունից անվճար չենք ստացել։ Բոլոր հողամասերի սեփականության կամ կառուցապատման իրավունքները մենք ձեռք ենք բերել՝ զգալի գումարներ վճարելով։

Յուրաքանչյուր նախագծի հետեւում տարիների աշխատանք կա, հարյուրավոր մարդիկ եւ ֆինանսական վիթխարի ռեսուրսներ՝ մեր ընտանիքից, մեր գործընկերներից ու նվիրատուներից։ Միայն «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդհանուր ներդրումները, ներառյալ բարեգործական նվիրատվությունները, կազմել են 34 միլիոն դոլար։

Հայեցակարգերը մանրակրկիտ կերպով մշակվել են համաշխարհային առաջատար խորհրդատուների միջոցով եւ իրականացվել են իրենց ոլորտների լավագույն մասնագետների համագործակցությամբ: Տեսեք, թե որքան բան է արվել Տաթեւում 2008 թվականից ի վեր, երբ մեկնարկեց Տաթեւի վերածննդի ծրագիրը: «Տաթեւեր» ճոպանուղին այս տարի Հայաստանին արդեն չորրորդ միջազգային մրցանակն է բերել: Այսօր տարածքը պարզապես անճանաչելի է դարձել: Ծրագիրը լայնածավալ նախագծի եզակի օրինակ է Հայաստանի համար՝ մասնավոր ձեռնարկատերերի, պետության եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու միջեւ եռակողմ գործընկերության ձեւաչափով: Այն առեւտրային, սոցիալական ձեռնարկատիրական եւ զուտ բարեգործական նախաձեռնությունների սինթեզ է, որոնցում ակտիվորեն ներգրավված են տեղի բնակիչները:

Ամեն ինչ հաշվարկված է այնպես, որ զբոսաշրջիկները չսահմանափակվեն Երեւան այցելելով, այլ ճամփորդեն նաեւ Հայաստանի խորքը եւ ավելի երկար մնան այնտեղ։ Այն ամենը, ինչ հասցրել ենք անել, շոշափելի արդյունքի է հանգեցրել: Զբոսաշրջային հոսքը Սյունիք աճել է 17 անգամ: Մինչեւ ճոպանուղու կառուցումը Տաթեւ տարեկան այցելում էր առավելագույնը 5000 զբոսաշրջիկ: 2010 թվականին ճոպանուղին փոխադրեց 9 000 ուղեւոր, 2019-ին՝ արդեն 155 000: Մասնավոր հատվածի ներդրումներն այդ տարածաշրջանում աճել են 11 անգամ: Այս աճը նպաստել է ենթակառուցվածքների զարգացմանը. Տաթեւի եւ Գորիսի շրջակայքում բացվել են ավելի քան 100 նոր հյուրանոցներ եւ B&B հյուրատներ: Ստեղծվել են նոր աշխատատեղեր եւ կրթության նոր հնարավորություններ, ակտիվացել է մշակութային եւ սոցիալական կյանքը:

Ժամանակին Տաթեւի վանքի հարակից գյուղերը դատարկվելու եզրին էին, իսկ հիմա այնտեղ վերադառնում են մարդիկ, եւ ամենակարեւորը՝ երեխաներ: Մասնավորապես, մեր հիմնադրամի միջոցներով կապիտալ վերանորոգվել է Հալիձորի դպրոցը, այնտեղ, ինչպես նաեւ Գորիսի, Տաթեւի եւ Շինուհայրի դպրոցներում բացվել են ինժեներական լաբորատորիաներ:

Ինչպես արդեն ասացի, ամեն ինչ չէ, որ հաջողվել է իրականացնել, ծրագրերի մի մասը ստիպված կլինենք փակել, բայց հույս ունեմ, որ այն, ինչ արդեն իրականացվել է, կշարունակի հաջողությամբ զարգանալ։

– Իսկ Դիլիջանո՞ւմ։

– Երկար տարիներ իրականացնում ենք Դիլիջանի զարգացման ծրագիրը, որի համար ստեղծել ենք համանուն հիմնադրամ։ Երբ ծրագրում էինք Դիլիջանում միջազգային դպրոց կառուցել, չէինք ցանկանում, որ այն դառնա ինչ-որ օազիս անապատում, ուստի դպրոցը քաղաքի եւ նրա ենթակառուցվածքների զարգացման ավելի լայն ծրագրի մի մասը դարձավ։ Հասկանալի է, որ նման լայնածավալ խնդիրը մեր ուժերից վեր էր լինելու, ուստի մենք ընտրեցինք պետություն-մասնավոր գործընկերություն ձեւաչափը, որն արդյունավետ ենք համարում։

Դիլիջանը որպես ժամանակակից մշակութային, կրթական եւ հանգստյան հանգույց զարգացնելու, ապրելու ավելի լավ վայր դարձնելու գաղափարը, ուր մարդիկ կտեղափոխվեն նաեւ այլ երկրներից, Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի մաս էր կազմում։ Ի դեպ, ուրախ եմ, որ այն գաղափարներից, չափորոշիչներից ու աշխատանքային սկզբունքներից շատերը, որոնք նախագծերն իրականացնելիս սկզբնապես ներդրել է մեր IDeA հիմնադրամը, այժմ ընդունել եւ լայնորեն օգտագործում են Հայաստանի բազմաթիվ այլ կազմակերպություններ, իսկ քաղաքի զարգացման մեր հայեցակարգի որոշ մասեր հիմք են հանդիսացել Դիլիջան եկած այլ ներդրողների ծրագրերի համար։ Ընդ որում, քչերը գիտեն, թե ով է կառուցել Տաթեւի ճոպանուղին եւ Դիլիջանի դպրոցը: Մենք երբեք չենք ձգտել, որ Ռուբենի եւ իմ անունները փորագրվեն հուշատախտակների վրա, եւ միայն վերջերս, ընկերների հորդորով, սկսեցինք ավելի շատ խոսել Ռուբենի անձնական ներդրման մասին՝ հուսալով, որ դա կօգնի արագացնելու նրա ազատ արձակումը:

Դիլիջանում մենք մեր ջանքերը կենտրոնացրել ենք ափամերձ գոտու զարգացման վրա՝ ստեղծելով հետիոտնի եւ հանգստի գոտի՝ միջազգային լավագույն չափանիշների համապատասխան: Ի դեպ, այդ հայեցակարգը համապատասխանում է քաղաքի սկզբնական գլխավոր հատակագծին, որը գտել էինք արխիվներում: Տեղի բնակիչները դեռ հիշում են կենտրոնական մեծ այգին: 15 տարի առաջ այն բաժանել էին հատվածների, եւ որոշ տարածքներում նախատեսվում էր շինարարություն իրականացնել: Մենք ցանկանում էինք այգին պահպանել տեղի համայնքի համար եւ շուրջ 1 միլիոն դոլար ծախսեցինք այդ հողամասերը գնելու կամ երկարաժամկետ վարձակալության պայմանագրերով ձեռք բերելու համար: Եվս մեկ անգամ ընդգծեմ. ոչ մի պատառ հող անվճար ձեռք չենք բերել, յուրաքանչյուր հողամասի սեփականության կամ երկարաժամկետ վարձակալության իրավունքը գնվել է մասնավոր սեփականատերերից՝ շուկայական գներով: Բացի այդ, մեր ընկերներն ու գործընկերները լճի շրջակայքում հողամասեր են գնել եւ մեզ փոխանցել՝ սոցիալական ծրագրերի մշակման համար:

Մենք ներգրավել ենք խորհրդատուների, քաղաքաշինության մասնագետների, ճարտարապետների եւ հենց քաղաքի բնակիչների՝ այս տարածքների զարգացման այնպիսի հայեցակարգ մշակելու համար, որը կբավարարի բնակիչների կարիքներին եւ քաղաքաշինության ամենավերջին պահանջներին, որպեսզի դիլիջանցիները եւ քաղաքի հյուրերը լիարժեք հանգստի ու ժամանցի վայր ունենան: Եվ եթե 15 տարի առաջ այգին այնքան էլ ապահով վայր չէր, ապա այսօր այստեղ զբոսնում են ընտանիքներ, խաղում են երեխաներ, տարբեր տարիքի մարդիկ ակտիվ զբաղվում են սպորտով: Աշնանը Դիլիջանում առաջին անգամ անցկացվեց Dilijan Run միջազգային վազքի փառատոնը, որին փորձառու մարաթոնցիների հետ միասին մասնակցում էին շատ երեխաներ: Այսինքն՝ ենթակառուցվածքների փոփոխությունները հանգեցրել է նաեւ մտածելակերպի փոփոխության:

Վերջին 10 տարում մենք եւ մեր գործընկերները միայն Դիլիջանի կենտրոնական այգու բարեկարգման եւ ենթակառուցվածքների մեջ ներդրել ենք ավելի քան 4 միլիոն դոլար: Իսկ 2012 թվականից մինչեւ օրս դպրոցի եւ Դիլիջանի ու տեղական համայնքի զարգացման համար իրականացված մշակութային, սոցիալական եւ ենթակառուցվածքային տարբեր նախագծերի համար մեր սեփական ու մեր գործընկերների կատարած ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 236 միլիոն դոլար:

Ցավոք, Դիլիջանի ներկայիս քաղաքապետը, սոցիալական նախաձեռնությունների զարգացմանը աջակցելու փոխարեն, որոշել է դատարանում վիճարկել երկարաժամկետ վարձակալության եւ կառուցապատման մեր իրավունքները՝ այդպիսով խոչընդոտելով մեր պարտավորությունների կատարմանը: Դա, բնականաբար, խնդիրներ է ստեղծում մեզ համար, բայց ավելի վատն այն է, որ սա նաեւ շատ վատ ազդանշան է մասնավոր ներդրողների եւ սոցիալական ձեռնարկատերերի համար, քանի որ ձեւավորվում է անբարենպաստ ներդրումային եւ սոցիալական միջավայր, որտեղ իրավունքները պաշտպանող օրենքի փոխարեն եւ օբյեկտիվ չափորոշիչների փոխարեն գործում են անձնական հարաբերությունները քաղաքապետարանի հետ եւ որոշ պաշտոնյաների մասնավոր շահերը: Հուսով եմ, որ Հայաստանում, այնուամենայնիվ, գործում է օրենքի գերակայությունը, եւ դատարանը, ղեկավարվելով նաեւ դիլիջանյան համայնքի շահերով, արդարացի որոշումներ կկայացնի բոլոր հայցերով: Սակայն նման ճնշումը դարձավ Դիլիջանում մեր մի շարք նախագծեր փակելու պատճառներից մեկը: Հաշվի առնելով այն, ինչի միջով հիմա անցնում է մեր ընտանիքը, չենք կարող մեզ թույլ տալ ուժ եւ ժամանակ ծախսել դիմակայության վրա:

-Գիտեմ, որ այգում պատրաստվում էիք յուրատեսակ մանկական խաղահրապարակ կառուցել։

– Այո, այն պետք է մանկական երազանքների իրականացում դառնար. տեղի երեխաներին խնդրել էինք նկարել այն, ինչ իրենք կցանկանային տեսնել այգում: Բացի այդ, նախատեսված էր ներառական խաղահրապարակ ունենալ՝ հարմարավետ եւ անվտանգ վայր բոլորի, այդ թվում նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների համար։

– Խոսում եք անցյալ ժամանակով: Ծրագրերը փոխվե՞լ են։

– Ոչ, ցանկանում ենք կառուցել այն: Դա այգու ամենակարեւոր հատվածներից մեկն է, որի նախագիծը ներառված է զբոսաշրջային կլաստերների զարգացման կառավարական ծրագրի մեջ, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավելի քան 7 միլիոն դոլար ներդնել այգում եւ շրջակա տարածքում հասարակական ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաեւ գետի մաքրման համար: Մնում է միայն խաղահրապարակի կառուցման նախագիծը համաձայնեցնել քաղաքապետարանի հետ, որը դեռեւս մերժմամբ պատասխանում է, թեեւ, մեր կարծիքով, դրա համար որեւէ հիմքեր չկան: Բայց հենց թույլտվությունը լինի, մենք պատրաստ ենք ձեռնամուխ լինել աշխատանքներին, եւ ես մեծ հույս ունեմ, որ Դիլիջանի բնակիչները մանկական լավագույն խաղահրապարակը կունենան:

Սակայն, ինչպես նշեցի, ինչպես Տաթեւում, այնպես էլ Դիլիջանում Ռուբենի հետ ստիպված կլինենք կրճատել մեր որոշ ծրագրեր՝ օբյեկտիվ պատճառներով: Ե՛վ այնտեղ, եւ՛ այստեղ բարեգործական մեծ թվով ծրագրեր են եղել, որոնցում կատարված ներդրումները երբեք չեն փոխհատուցվելու, եւ մենք դա հիանալի հասկանում ենք, քանի որ այդ ծրագրերը մշակվել են տեղի բնակիչների համար: Ակնհայտ է, որ պետությունը այդ տարածքների զարգացման սեփական ծրագրերն ունի, եւ ես հուսով եմ, որ դրանք կիրականացվեն արժանապատվորեն՝ ոչ թե լայնածավալ կառուցապատման ծրագրի, այլ ժամանակակից ու հարմարավետ հանրային տարածքի տեսքով: Մենք չէինք ցանկանա, որ Դիլիջանը Ծաղկաձորի ճակատագրին արժանանա, որտեղ քաոսային կոմերցիոն կառուցապատման հետեւանքով հանրային տարածքներ գրեթե չեն մնացել:

Բարեբախտաբար, գործարար միջավայրում աճում է սեփական պատասխանատվության գիտակցումը այն վայրի նկատմամբ, որտեղ ապրում եւ զարգացնում ես քո բիզնեսը, եւ մենք ուրախ կլինենք մեր կողմից սկսված զարգացման նախագծերը փոխանցել հոգատար ձեռքերի:

Իսկ մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք կրթական ծրագրերի վրա:

– Դիլիջանում նոր եկեղեցի է կառուցվում։ Այդ նախագիծը կենտրոնական այգու ճակատագրին չի՞ արժանանա։

– Դիլիջանցիների մեծագույն ցանկություններից է ունենալ իրենց եկեղեցին, որտեղ կարող են ամուսնանալ, մկրտություն անել, եկեղեցական տոներն ու արարողությունները նշել: Ուստի մենք ամեն ինչ կանենք, որպեսզի եկեղեցու կառուցումն ավարտին հասցվի։ Այն ավելին է, քան պարզապես պաշտամունքի վայր, եւ ոչ միայն Դիլիջան համայնքի համար։ Անձամբ ինձ համար, մարդու, որը մկրտվել է հայկական եկեղեցում, այն նաեւ Ռուբենը շուտափույթ եւ բարեհաջող վերադարձի

հավատի խորհրդանիշ է։ Նա վաղուց էր երազում այդ եկեղեցու մասին։ Առհասարակ, հոգեւոր եւ մշակութային ժառանգության վերածննդի ու պահպանման հետ կապված նախագծերը, ընդ որում՝ ոչ միայն հայկական ու քրիստոնեական, առանձնահատուկ տեղ են զբաղեցնում մեր բոլոր նախաձեռնությունների շարքում։

Մենք օգնել եւ շարունակում ենք օգնել այնպիսի հին եկեղեցիների ու հոգեւոր կենտրոնների վերականգնմանը, ինչպիսիք են Տաթեւի վանքը, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցին, Սինգապուրի հայկական՝ ներկայումս այնտեղ գործող ամենահին եկեղեցին, Իրանի Սուրբ Թադեի վանքը, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության մատենադարանը եւ Արցախի Մուշկապատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Շուշիում վերականգնվել է նաեւ Գովհար Աղայի հին մզկիթը, որն այսօր տեսնում ենք ադրբեջանական հեռուստաալիքների կադրերում, երբ այնտեղ տարբեր պատվիրակություններ են այցելում։ Ռուբենը ներդրում է արել Աթոս լեռան վրա գտնվող ռուսական Սուրբ Պանտելեյմոնի վանքի եւ թեսալոնիկեցի սուրբ մեծն նահատակ Դիմիտրիոսի խցիկի վերականգնման գործում։ Բարերարների, այդ թվում եւ մեր ընտանիքի նվիրատվություններով է կառուցվել Մոսկվայի Հայկական եկեղեցական համալիրը։

Այնպես որ, Աստծո օգնությամբ, Դիլիջանը 85 տարվա մեջ առաջին անգամ եկեղեցի կունենա։ Այն արդեն 60%-ով կառուցված է։ Շինարարության համար գումարները հավաքագրում ենք ամբողջ աշխարհից։ Ինձ խորապես հուզել է մի փոքրիկ տղայի պատմությունը։ Դիլիջանում կայացած մարզական միջոցառումների ժամանակ երկրպագուներին խնդրել են որեւէ նվիրատվություն կատարել, եւ նա 60 դրամ է տվել՝ իր գրպանի ամբողջ պարունակությունը։

– Կարծում եմ՝ կարող ենք մեր զրույցն ավարտել այս դրական ու լուսավոր նոտայով։ Խոսեցինք նաեւ ոչ այնքան հաճելի բաների մասին, բայց սովորական մարդկանց անշահախնդրության պատմությունները հույս են տալիս, որ Ձեր եւ Ռուբենի ժառանգությունը չի կորչի։

– Ես եւս այդ հույսն ունեմ։ Ռուբենը սիրում է Ամեդեո Մոդիլիանիի հետեւյալ ասույթը. «Կյանքի իմաստը նվիրաբերելն է։ Քչերից՝ շատերին։ Նրանցից, ովքեր գիտեն եւ ունեն՝ նրանց, ովքեր չգիտեն եւ չունեն»։ Մենք երկուսս խորապես համոզված ենք, որ հենց դրա համար արժե ապրել։ Վերջին հաշվով, մեզնից մնում է միայն այն, ինչ կատարել ենք, եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպիսի հիշողություն կթողնի իր մասին։

Տեսանյութեր

Լրահոս