ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ առանց ռուսական ակտիվների օգտագործման
Եվրոպական միության ղեկավարները Բրյուսելում մեկ օրից ավելի տևած գագաթնաժողովի արդյունքում համաձայնության են եկել առաջիկա 2 տարվա ընթացքում Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու մասին, սակայն նրանք չեն կարողացել պայմանավորվել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման շուրջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան X-ում գրառման մեջ հայտնել է, որ վարկը կտրամադրվի ԵՄ ընդհանուր բյուջեից։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԵՄ ղեկավարներին կոչ էր արել օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից 200 միլիարդ եվրո, սակայն Բելգիան, որտեղ պահվում է այդ ակտիվների մեծ մասը, պահանջել էր երաշխիքներ, որ հետագայում դրա հետ կապված ռիսկերը կկիսեն բոլոր երկրները։
Զելենսկին նաև հայտարարել էր, որ մինչև գարուն ֆինանսավորում չունենալու դեպքում Կիևը ստիպված կլինի նվազեցնել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։
Ըստ ԵՄ գնահատումների՝ առաջիկա երկու տարում Ուկրաինային հարկավոր է լրացուցիչ 135 միլիարդ եվրո։ Գումարը կսկսի տրամադրվել 2026 թ. ապրիլից։
Այս համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար հաստատելու ջանքերի ֆոնին։
Ըստ AFP գործակալության՝ Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ և ՌԴ պաշտոնյաներն առաջիկա հանգստյան օրերին կհանդիպեն Մայամիում՝ քննարկելու խաղաղության ծրագրի շուրջ հետագա քայլերը։ Միևնույն ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները դեկտեմբերի 19-ին և դեկտեմբերի 20-ին նոր բանակցություններ կվարեն ԱՄՆ-ում։ Ըստ Զելենսկու՝ Կիևը ցանկանում է, որ Վաշինգտոնն ավելի շատ մանրամասներ տրամադրի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք կարող են տրամադրվել՝ Ուկրաինան ևս մեկ հարձակումից պաշտպանելու նպատակով։
