Զելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարին
Ուկրաինան ուսումնասիրում է արտասահմանում գտնվող ուկրաինացիների համար ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության հնարավորությունը, սակայն ներկայում քննարկումը վերաբերում է միայն նախագահական ընտրություններին. խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում այդ տարբերակը դեռևս չի քննարկվում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Հարցին, թե արդյոք առաջընթաց գրանցվե՞լ է ռազմական դրության ժամանակ ընտրությունների մասին օրենքի մշակման գործում, Զելենսկին նշել է, որ այս հարցի վերաբերյալ որևէ նորություն չկա։
«Ինչքան ես գիտեմ, դեռևս առաջընթաց չկա, բայց ես փոխանցել եմ բոլոր ազդանշանները», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վաղուց է աջակցում այն գաղափարին, որ ուկրաինացիները կարողանան քվեարկել էլեկտրոնային միջոցներով։ Դա հատկապես վերաբերում է արտասահմանում գտնվող ուկրաինացիներին։
«Ես միշտ աջակցել և բարձրացրել եմ նույնիսկ համավարակի սկզբից ի վեր օրենսդրական փոփոխությունների հարցը, որոնք թույլ կտան մարդկանց քվեարկել առցանց։ Մինչ օրս մենք կոնսենսուսի չենք հասել խորհրդարանականների հետ», – եզրափակել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան պատերազմն օգտագործում է որպես պատրվակ նախագահական նոր ընտրություններ չանցկացնելու համար։ Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահը պատրաստակամություն էր հայտնել ընտրություններ անցկացնել. սակայն շեշտել էր՝ եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է, որ Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն, ապա պետք է ապահովի քվեարկության անվտանգությունը ռուսական հարձակումներից։
