Նիկոլ Փաշինյանը չարչիություն է անում, որը լավ ավարտ չի կարող ունենալ. Հայկ Մամիջանյան
Սա ուղիղ ներգործություն է ներպետական գործերին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԵՄ-ից Հայաստանին տրամադրվող աջակցությանը՝ «հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար»։
Մամիջանյանի խոսքով՝ Հայաստանում այսօր իշխանությունների կողմից գործածվող մեծ ծավալի արտաքին ներգործություն կա, մասնավորաբար՝ ադրբեջանական ու թուրքական։ Սակայն նա կասկածում է, թե Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել նրանց դեմ պայքարելու համար։
«Ի՞նչ հիբրիդային պատերազմ, ի՞նչ արտաքին ազդեցություն․․․ Եթե «արտաքին ազդեցություն» ասելով՝ նկատի ունեն, որ Հայաստանում ընտրությունները կազմակերպում է մի մարդ, որը ցանկալի է Ադրբեջանի և Թուրքիայի համար, ապա այո, այդ տրամաբանության մեջ ՀՀ-ում առկա է արտաքին ազդեցություն»,- նշեց Մամիջանյանը։
Նա ընդգծեց՝ իր համար անհասկանալի է եվրոպացի գործընկերների քայլը՝ աջակցել մի ռեժիմի, որի օրոք Հայաստանում կան մեծ թվով քաղբանտարկյալներ, ոստիկանական բռնաճնշումներ են իրականացվում, ուզուրպացված են դատական և իրավապահ համակարգերը։
Մամիջանյանի կարծիքով՝ տեղի ունեցողի հեռու գնացող սպառնալիքներից մեկն այն է, որ Փաշինյանը հետագայում այլախոհների և ընդդիմադիրների նկատմամբ տարբեր ճնշումներ է գործադրելու՝ այդ ամենը փաթեթավորելով «արտաքին ներգործության» ներքո։
«Այս գործընթացը 2 կարևոր բաղադրիչ ունի․ նախ սա գումարի, փողի տեքսով ներգործություն է ներպետական խնդիրներին՝ ընտրական գործընթացներին, երկրորդը՝ այս որոշումն ակնհայտ է դարձնում, որ Փաշինյանի հետագա բոլոր բռնաճնշումները փաթեթավորվելու են նրա տակ, թե օտարերկրյա միջամտություն ենք չեզոքացնում»,- նշեց Մամիջանյանը։
