Միրզոյանը մանրամասնել է, թե ինչ հարցեր է քննարկել գործընկերների հետ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Հայաստանը կողջունի Եվրամիության հնարավոր ներգրավվածությունը Հարավային Կովկասի ենթակառուցվածքային նախագծերում։
Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Բրյուսելում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման ավարտին հանդես գալով մամուլի համար մեկնաբանությամբ։
«Ուրախ եմ վերադառնալ Բրյուսել. ընդամենը երկու շաբաթ է անցել շատ հաջողված Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստից, որի ընթացքում մենք ընդունեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը՝ դրանով բարձրացնելով մեր հարաբերությունները նոր մակարդակի։
Այսօր՝ Արտաքին գործերի խորհրդի ձևաչափով, որը նախագահում էր բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, անդամ պետությունների հետ միասին մենք քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները՝ տնտեսությունից և ավելի ամուր դիմակայունությունից մինչև անվտանգության հետ կապված հարցեր՝ ներառյալ հիբրիդային սպառնալիքները և Եվրոպական խաղաղության գործիքի ներքո տրամադրվող աջակցությունը։ Մենք անդրադարձանք բոլոր այն թեմաներին, որոնք ներկայում շատ կարևոր են Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններում։ Մենք նաև գնահատեցինք վիզաների ազատականացման գործընթացում առաջընթացը. թեմա, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար և Հայաստանը Եվրոպական միությանն ավելի մոտեցնելու տեսանկյունից։
Իհարկե, կա նաև ավելի մեծ պատկերը՝ տարածաշրջանային զարգացումները, Հարավային Կովկասի երկրների միջև հաղորդակցությունների բացումը և ընձեռվող հնարավորությունները։ Մենք քննարկեցինք և կողջունենք ԵՄ-ի հնարավոր ներգրավվածությունը ենթակառուցվածքային նախագծերում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
