«Վրթանես սրբազանն այլևս չի կարող առաջնորդել Արցախի թեմը. Արցախը հանձնողի ձեռքը սեղմողը միանում է Արցախի հարցը փակելու գործընթացին». Մետաքսե Հակոբյան
Նոյեմբերի 27-ին Առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսներ, այդ թվում՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը, հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպումից հետո բազմաթիվ արցախահայեր պահանջեցին, որպեսզի Արցախի թեմի առաջնորդը բացատրի, թե ինչու է հանդիպել և ինչ է քննարկել մի մարդու հետ, ում ստորագրությամբ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս։ Բազմաթիվ բողոքներից հետո Արցախի թեմի ֆեյսբուքյան էջում հայտնվեց թեմի առաջնորդի հայտարարությունը, որտեղ նա ասում էր, որ հանդիպմանը մասնակցել է, որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, և այն որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի և արցախցիներին հուզող հիմնահարցերի հետ։
«Եղել եմ, կամ և միշտ լինելու եմ իմ հոտի կողքին՝ իր ոտնահարված իրավունքների համար տարվող պայքարում։
Ես հավատարիմ եմ իմ առաջնորդական ուխտին արցախահայության հանդեպ և հավատում եմ, որ Ամենազոր Աստծու ողորմածությամբ, մեր հայրենակիցների միասնական անկոտրում կամքով, Արցախի պետական, հասարակական իմաստուն այրերի համախոհությամբ կիրականացնենք մեր բաղձալի երազանքները»,- նշված էր հայտարարությունում։
Այս հայտարարությունից հետո արցախահայերը կրկին շարունակեցին հանդիպում պահանջել Վրթանես սրբազանի հետ, սակայն մինչ օրս այդ հանդիպումը տեղի չի ունեցել։
Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ինչպես հասկացել են այդ հանդիպումից, Արցախի թեմի առաջնորդը միացել է Նիկոլ Փաշինյանին՝ Վեհափառի դեմ պայքարելու համար:
«Արցախը հանձնողի ձեռքը սեղմողը միանշանակ միանում է Արցախի հարցը փակելու գործընթացին։ Երկրորդը՝ միանշանակ սա կաթողիկոսի դեմ ոտնձգություններին միանալու նշան է։
Ինչ վերաբերում է Արցախի թեմի առաջնորդի հետ հանդիպմանը, ապա անձամբ ես, իմ շրջապատի շատ մարդիկ այլևս որևէ ցանկություն չունենք նրա հետ հանդիպելու, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ՝ ամեն ինչի մասին արդեն խոսում է։ Մեր տարբեր հրապարակային խոսքով արդեն ասել ենք մեր կարծիքը, որ անկախ կաթողիկոսի ու Մայր Աթոռի որոշումից՝ Վրթանես սրբազանը այլևս չի կարող և չի կարող համարվել Արցախի թեմի առաջնորդը չի կարող լինել մեր հոգևոր առաջնորդը, սրա վերաբերյալ երկրորդ կարծիք լինել ուղղակի չի կարող»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ինչ վերաբերում է թեմական խորհրդի հետ հանդիպմանը, պատգամավորն ասաց՝ թեմական խորհրդի այն անդամները, որոնց հետ հնարավոր է կապ հաստատել, մշտապես կապի մեջ են, նաև մեծամասնության հետ հանդիպել են, քննարկել խնդիրը։
«Առաջին պահից սկսած՝ նույն կերպ են մտածել նաև թեմական խորհրդի անդամները, որ նա չի կարող լինել մեր հոգևոր առաջնորդը։ Մեկ շաբաթ առաջ նրանք հայտարարություն էին տարածել և հայտնել էին իրենց դիրքորոշումը, որում արտահայտել էին նաև Արցախի ժողովրդի կարծիքը։
Այն, ինչ այս ընթացքում տեղի է ունեցել, իմ ունեցած տեղեկություններով, եղել է զուտ Վրթանես սրբազանի նախաձեռնությամբ։
Երեկ էլ տարօրինակ հայտարարության ականատես եղանք, որտեղ իբրև թե խոսվում էր թեմական խորհրդի անունից։ Բնականաբար, առաջին գործը, որը ես արել եմ, կապ եմ հաստատել խորհրդի անդամների հետ և ստացել եմ պատասխան, որ Վրթանես սրբազանի հետ արդեն մեկ շաբաթից ավելի որևէ անդամ որևէ հանդիպում չի ունեցել և խորհրդի անունից առավել ևս որևէ հայտարարություն չի եղել։ Թեմական խորհրդի անդամները հակված են դիտարկելու, որ այդ ամենն անձամբ Վրթանես սրբազանի գրառումն է, ոչ թե թեմական խորհրդի հայտարարությունը»,- շեշտեց Արցախի ԱԺ պատգամավորը։
Նա նաև ընդգծեց՝ այս խնդրի հետ կապված ակտիվ չեն, քանի որ, ի տարբերություն ՀՀ օրվա իշխանությունների, որևէ ոտնձգություն չեն անելու եկեղեցու ու Մայր Աթոռի նկատմամբ՝ այս սրբազանների վերաբերյալ որևէ որոշում կայացնելը Վեհափառի գործառույթն է։
«Կարծում եմ՝ Մայր աթոռը և Վեհափառը որևէ որոշում կայացնելիս հաշվի կառնեն նաև ժողովրդի դիրքորոշումը, այն է, որ Վրթանես սրբազանը որևէ կերպ չի կարող առաջնորդել Արցախի թեմը»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
