Ֆրանսիան կօգնի Պաղեստինին սահմանադրության մշակման հարցում
Ֆրանսիան կօգնի Պաղեստինին մշակել պետության սահմանադրությունը։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին Փարիզում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։Նա հայտարարել է, որ Ֆրանսիան և Պաղեստինը կստեղծեն համատեղ հանձնաժողով՝ Պաղեստինի սահմանադրության մշակման ուղղությամբ աշխատելու համար։
«Այս հանձնաժողովը պատասխանատու կլինի բոլոր իրավական ասպեկտների վրա աշխատելու համար՝ սահմանադրական, ինստիտուցիոնալ և կազմակերպչական», – լրագրողների հետ զրույցում նշել է Մակրոնը։
«Այն կնպաստի նոր սահմանադրության մշակման աշխատանքներին, որի նախագիծն ինձ ներկայացրել է նախագահ Աբբասը, և կձգտի վերջնականապես մշակել Պաղեստինի Պետության բոլոր պայմանները», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Նա հավելել է, որ Ֆրանսիան 2025 թվականի համար Գազային կտրամադրի 100 միլիոն եվրո մարդասիրական օգնություն։
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն իր հերթին նշել է, որ իրենք հանձնառու են երկխոսության և խաղաղության մշակույթին։
«Մենք ցանկանում ենք ունենալ ժողովրդավարական, անզեն պետություն, որը հանձնառու կլինի օրենքի գերակայությանը, թափանցիկությանը, արդարադատությանը, բազմակարծությանը և իշխանության ռոտացիային», – ասել է Աբբասը։
Նա բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և համաշխարհային գործընկերների ջանքերը՝ Գազայի հատվածում մարտական գործողությունները դադարեցնելու և զինված խմբավորումների, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափման միջոցով կայուն խաղաղություն հաստատելու հաջորդ փուլ անցնելու համար։
Մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, սեպտեմբերին պաշտոնապես ճանաչել են Պաղեստինի Պետությունը։ Այդպիսով Պաղեստինը ճանաչած երկրների թիվը գերազանցել է 150-ը։ Նրանց թվում է նաև Հայաստանը։

