7.5 մլրդ դոլարի բլեֆ․ Պարտքի միայն տոկոսների գումարով կենսաթոշակները կարող էին ավելացվել 50 %-ով
ՔՊ-ականների իշխանությունը հերթական հակառեկորդն է գրանցել. Հրապարակված վերջին տվյալներով, կառավարության բաժին պարտքի միայն տոկոսները փակելու համար, անցած տարվա 10 ամսում, տարադրամով արտահայտած, ավելի քան 856 մլն դոլար են վճարել։ Այդքան գումար քաղաքացիների բերանից կտրել են, որպեսզի փակեն պարտքերի այն հսկայական տոկոսները, որոնք ձևավորվել են հատկապես վերջին տարիներին՝ պարտքերն ագահորեն ավելացնելու հետևանքով։
Հիշեցնենք, որ 2025թ. նոյեմբերի վերջի դրությամբ, պետական պարտքն անցնում է 14.2 մլրդ դոլարից։ Դրանից կառավարության բաժինը 13.7 միլիարդ է։
Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների իշխանության գալուց հետո, կառավարության պարտքն ու պարտքի սպասարկումը շեշտակի ավելացել է։ 2018թ. սկզբին պարտքը ընդամենը 6.2 մլրդ դոլար էր։ Այս ընթացքում ՔՊ-ականները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կառավարության պարտքն ուղիղ 7.5 միլիարդով ավելացրել են։ Միայն անցած տարվա 11 ամսում արդեն հասցրել են գրեթե 1.4 մլրդ դոլարի նոր պարտք կուտակել։
Արդեն տարեկան անգամ 1 միլիարդի պարտք կուտակելն իշխանության համար չափանիշ չէ։
Անցած տարվա տարեկան ցուցանիշը դեռ չի հրապարակվել, բայց սպասվում է, որ 2025թ. արդյունքներով, կառավարության պարտքը կավելանա 1.5 միլիարդով։
Այսպիսի աճերի պատճառով էլ ավելանում են պարտքի մարման տոկոսները։ Ավելի արագ, քան անգամ պարտքն է աճում։ Պատճառը ոչ միայն պարտքի աճն է, այլև թանկանալը։ Այսօր կառավարության պարտքի գինն անհամեմատ ավելի բարձր է, քան տարիներ առաջ։ Դրա համար էլ պարտքի տոկոսների մարման համար հատկացված գումարները շատ ավելի արագ են աճում, քան պարտքը։
Տեսեք, թե ինչպիսի առաջընթաց աճեր են գրանցել պարտքի տոկոսների գծով։
2018թ. 10 ամիսներին կառավարության պարտքի տոկոսները փակելու համար վճարվել էր ընդամենը 126.7 մլրդ դրամ։ Անցած տարի վճարվել է շուրջ 329.7 մլրդ դրամ։
Քաղաքացիներից ու բիզնեսից հավաքած հարկերի գրեթե 15 տոկոսը տվել են՝ պարտքերի տոկոսները մարելու համար։
7 տարվա ընթացքում կառավարության պարտքի տոկոսները փակելու վրա ծախսվող գումարները 2.6 անգամով ավելացել են։ Բայց այդ մասին ոչ մի անգամ, բնականաբար, չեն խոսում։
Անցած տարվա 10 ամսում հասցրել են գրեթե 100 մլն դոլարով ավելի շատ պարտքի տոկոս փակել, քան նախորդ տարի էր։
Պարտքի սպասարկման ծախսերը երկնիշ աճել են։ Աճել են հիմնականում ներքին պարտքի տոկոսների սպասարկման գումարները։ Վերջին տարիներին կառավարությունը մեծ քանակությամբ ներքին պարտք է կուտակել, ինչի հետևանքով էլ ներքին պարտքի սպասարկումը չափազանց ծանր բեռ է դարձել պետական բյուջեի վրա։ 10 ամսում ներքին պարտքի տոկոսների մարման համար գրեթե 252 մլրդ դրամ են հատկացրել։ Եթե վերածենք տարադրամի, կստացվի շուրջ 655 մլն դոլար։
Ներքին պարտքի սպասարկումը կտրուկ աճել է։ Տարիներ առաջ, երբ դեռ չէին հասցրել այսքան ծանրաբեռնել պարտքը, տոկոսների մարումը կազմում էր ընդամենը 64 մլրդ դրամ։
7 տարում ներքին պարտքի տոկոսավճարները գրեթե 4 անգամով ավելացել են։
Ներքին պարտքն արտաքինից անգամներով թանկ պարտք է, բայց ՔՊ-ականները նախապատվությունը հենց դրան են տվել։ Հավանաբար ոչ միայն այն պատճառով, որ դրսից չեն կարողացել այնքան շատ պարտքեր վերցնել, որքան սրտները կուզենար, տվողներ չեն եղել, այլև այն պատճառով, որ որոշակի հետաքրքրություններ են ունեցել։ Կառավարության ներքին պարտքն այս պահին նույնիսկ 1.1 մլրդ դոլարով գերազանցում է արտաքինին։
Ներքին պարտքը 2018թ. սկզբին շուրջ 1.3 մլրդ դոլար էր, անցած տարվա նոյեմբերի վերջի տվյալներով՝ 7.4 միլիարդ է՝ 6.1 միլիարդով կամ 5.7 անգամով ավելացրել են։
Սա թանկ պարտք է, ու դրա հետևանքով էլ այսքան ծանրաբեռնվել է պարտքի տոկոսների սպասարկումը։ Միջին տոկոսադրույքն այս պահին 7.3 է, որը պարտքի երբևէ գրանցված ամենաբարձր գինն է։ ՔՊ-ականները պարտքի թանկ ու էժանին էլ չեն նայել։ Ինչքան կարողացել են, շատ պարտքեր են վերցրել, որպեսզի պարտքերի հաշվին խաբեն ժողովին։ Ոչինչ, որ հետո ժողովրդի ջանից է դուրս գալու այդ պարտքերի սպասարկումն ու ընդհանրապես փակումը։ Այն գումարները, որոնք գնում են պարտքերը փակելուն, կարող էին լուրջ սոցիալական խնդիրներ լուծել հասարակության հատկապես անապահով հատվածի համար։
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե իշխանությունները բարեխիղճ են գտնվել՝ նաև սոցիալական ծախսերի առումով։ Անցած տարվա 10 ամսում նպաստների ու կենսաթոշակների ծախսերը գրեթե 61 մլրդ դրամով ավելացրել են։ Հիմա տեսեք, թե ինչի՞ հաշվին են ավելացրել։
61 միլիարդի 40 տոկոսը գնացել է հիփոթեքային վարկերի եկամտային հարկի գումարները վերադարձնելուն։ Խոսքը գրեթե 27 մլրդ դրամի կամ շուրջ 70 մլն դոլարի մասին է։ 10 ամսում 70 մլն դոլարով ավել գումար են տվել պետական բյուջեից եկամտային հարկը վերադարձնելու համար։ Թե ո՞ւմ են վերադարձնում այդ գումարները, վաղուց հայտնի է։ Անունը դրել են սոցիալական ծախսեր, բայց գումարներն անապահովներին տալու փոխարեն՝ ապահովներին են տալիս։
Գրեթե 11 միլիարդով էլ կենսաթոշակային ծախսերն են ավելացել։ Բայց ոչ թե կենսաթոշակառուներին արված հատկացումների, այլ կենսաթոշակային ֆոնդերին վճարվող բյուջեի բաժին գումարների ավելացման հաշվին։
Սոցիալական ծախսերի աճեր, որոնք կարող էին իրական խնդիրներ լուծել անապահովների համար ու ավելացնել նրանց եկամուտները, չեն եղել, փոխարենը՝ 10 ամսում փաստացի 100 մլն դոլարով ավելացել է պարտքի տոկոսների սպասարկման բեռը։ 856 մլն դոլարը, որը տվել են կառավարության պարտքը փակելու համար, կարող էր էական սոցիալական խնդիր լուծել քաղաքացիների համար։ Հատկապես որ, Հայաստանում աղքատների պակաս չկա, ու իշխանություններին, բացի վիճակագրական աճպարարություններից, չի հաջողվում իրական փոփոխություն մտցնել աղքատության կրճատման առումով։
Պարտքի տոկոսների մարման համար հատկացվող ֆինանսական միջոցները վերջին 7 տարում ավելի քան 200 մլրդ դրամով ավելացել են։ Եթե դա չլիներ, այս գումարը բավական էր այսօր թոշակները գրեթե 50 տոկոսով բարձրացնելու համար։ Պատկերացրեք, եթե հիմա միջին կենսաթոշակը Հայաստանում 49-50 հազար դրամ է, կարող էր լինել ընդհուպ 75 հազար դրամ։ Բայց այդքան չէ, որովհետև իշխանությունները պարտքեր են կուտակել ու հիմա ստիպված են ահռելի գումարներ հատկացնել՝ դրանց տոկոսները փակելու համար։ Մարման մասին դեռ չենք խոսում, որը տարեկան շուրջ 2 մլրդ դոլարի է հասնում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
