
Մտածում է՝ եթե «ջրի» 3-րդ Հանրապետությունը, իրենց կատարած հանցագործությունները 3-րդ Հանրապետության հետ մեռնելու են․ Նաիրա Զոհրաբյան

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից մեկ օր անց գործով որևէ նոր բան հայտնի չէ․ չկա մարդասպանը, չկա ձերբակալված որևէ անձ։
Հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ սա նախևառաջ որակում են՝ ընդդիմությանն ուղղված հարված և իշխանությունների անգործության ուղիղ հետևանք։
«Շատ կասկածելի զուգադիպությամբ Հայաստանում ընդդիմադիր համայնքապետերը կա՛մ կալանավորվում են՝ ինչպես, օրինակ, եղավ Մամիկոն Ասլանյանի և Բերդի համայնքապետի դեպքում, կա՛մ նրանց հանդեպ դափոններով քրեական գործեր են հարուցվում, կա՛մ, ինչպես տեսանք երեկ՝ եղավ Մերձավանում սպանությունը,- 168․am-ի հետ զրույցում հանրային ու քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսպես արձագանքեց նախօրեի՝ երկու կյանք խլած ողբերգական միջադեպին և հավելեց,- Նույնիսկ եթե այս սպանության մոտիվն անձնական է, դա բացարձակապես այս իշխանությանը չի ազատում երկրում առկա այս բեսպրեդելի քաղաքական պատասխանատվությունից։
Նայե՛ք վիճակագրությունը՝ ծանր հանցագործությունների, քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների, բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների չպահպանելու հետևանքով մահերի, թմրանյութերի շրջանառության, որ արդեն մտել է դպրոց։ Ո՞վ է սրա պատասխանատուն՝ Հռոմի պա՞պը, թե՞ ես․ ո՛չ ես, ո՛չ Հռոմի պապը սրա պատասխանատուն չենք։ Սրա պատասխանատուն գործող իշխանություն է, որն իր բոլոր գործերը թողած՝ զբաղված է մի՝ 4-րդ ֆեյք հանրապետություն կերտելով և մտածելով, թե եթե ինքը «ջրի» չակերտավոր 3-րդ Հանրապետությունը, իրենց կատարած հանցագործությունները 3-րդ Հանրապետության հետ մեռնելու են»։
Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում նաև ցավով անդրադարձավ Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսարանում կատարված ողբերգական դեպքին։
«Մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի՝ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։ Հասկանո՞ւմ եք աբսուրդը․ ես նայել եմ տեսանյութը, որ իր մահվանից ընդամենը մի քանի ժամ առաջ ուղարկել էր լրագրողներին, և գիտե՞ք, նա հանգիստ, հավասարակշիռ ձևակերպում էր իր խնդիրները։ Մի քանի ժամ հետո սուիցիդի գնացող մարդն էդպես հստակ չէր ձևակերպի իր խնդիրները և իր իր պահանջները։ Այսինքն՝ սրանք հարցեր են, որոնք լեգիտիմ հարցեր են և իրավունք ունեն լինելու»,- մանրամասնեց քաղաքական գործիչը։
Ամփոփելով՝ ԱԺ նախկին պատգամավորը հավելեց՝ երկիրը թաղված է կրիմինոգեն միջավայրում։
«Սա զարհուրելի է, և այս ֆոնին մենք տեսնում ենք, որ այդ ոլորտի պատասխանատու կանայք զբաղված են «կաստմչիկ» փոխելով և գունավոր «կաստմչիկներով» ֆոտոսեսիաներ անելով, որովհետև չեն հասկանում՝ իրենց ինչի՞ են բերել-տարել-դրել, պարզապես այդպես է որոշել մի մարդ, ով ասում է՝ կառավարությունը ես եմ, ամեն ինչը ես եմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։