«Եթե խնդիրը խորանա, կառուցապատողների սնանկացումով այն չի ավարտվի. վարկային խնդիրների առաջ կկանգնեն անավարտ շենքերում արդեն բնակարան գնած քաղաքացիները». Սամսոն Գրիգորյան

Սամսոն Գրիգորյանը գրում է. «Շատ ենք լսում, որ.

Եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո առաջնային շուկայում բնակարանների վաճառքների նվազում է դիտվում։ Խնդիրը գնալով խորանում է, հնարավոր է կառուցապատողների սնանկացումների աճ և կիսատ թողնված շինհրապարակներ։

Կանխատեսում, եթե խնդիրն իսկապես խորանա, ինչը նման իրավիճակում հավանական է, ապա կառուցապատողների սնանկացումով խնդիրը չի ավարտվի։

Մուլտիպլիկատիվ էֆեկտով սա կհարվածի ՀՀ ամբողջ բնակչությանը՝ վարկային և այլ խնդիրների առաջ կկանգնեն անավարտ շենքերում արդեն բնակարան գնած քաղաքացիները, շենքերի կառուցապատման մեջ ոչ ուղղակի ներգրավված բոլոր բիզնեսները. շինանյութ, տան պարագաներ, կենցաղային տեխնիկա, սպասարկում, վարպետներ և շատ ու շատ այլ ոլորտներ։

Այս բոլոր սուբյեկտները ֆինանսական խնդիրների պատճառով դուրս կմնան երկրի փողի շրջանառության օղակից։ Սա կհարվածի նաև հարկայավաքմանը։

Լուծում, պարզ և հասարակ.

Հարկավոր են էժան վարկեր, բանկերը պատրաստ են 6-7 տոկոսով հիպոտեկային վարկեր տրամադրել, սակայն պատրաստ չեն կանգնել դրամի արժեզրկման խնդրի առաջ։ Այսինքն դրամով հիպոտեկային վարկը չի նվազի 12%-ից, բայց եթե թույլ տանք վարկը տրամադրել դոլարով, ապա հնարավոր կլինի ստանալ շատ ավելի էժան տոկոսադրույք։

Շատերը կընդդիմանան, թե հնարավոր է դրամի արժեզրկման դեպքում քաղաքացիները հետագայում կկանգեն խնդիրների առաջ։ Հնարավոր է, սակայն շատ ավելի մեղմ հարված է, քան վերոգրյալում նշված իրավիճակը։ Բացի այդ, հաշվի առնելով 30 տարվա ՀՀ դրամաշրջանառության փորձը, սա կատաստրոֆիկ ազդեցություն չի ունենում։

Պատճառները չթվարկեմ, բոլորը գիտեն։

Կամ, ԿԲ-ն պետք է լուրջ քայլ անի, որոշ ռիսկեր ապահովագրի և մեխանիզմ ներդնի, որով մոտ երկու անգամ կնվազեն դրամով տրամադրվող վարկերի տոկոսադրույքները»:

Տեսանյութեր

Լրահոս