
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները պետք է համապատասխանեն ՄԱԿ-ի կանոնադրությանը. Լավրով

Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները պետք է համապատասխանեն Արևմուտքի պարտավորություններին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ԵԱՀԿ-ի Ստամբուլյան համաձայնություններով: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օտարերկրացի դեսպանների համար կազմակերպված կլոր սեղան-հանդիպման ժամանակ՝ նվիրված ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը:
«Մենք կպնդենք, որ, անշուշտ, լինեն անվտանգության երաշխիքներ: Մենք դրան ենք ձգտել թե՛ 2014 թվականի փետրվարին, թե՛ այնուհետև մեկ տարի անց, երբ համաձայնեցրինք նոր սկզբունքներն ու պայմանավորվածությունները և հավանություն տվեցինք դրանց: Եվ անվտանգության երաշխիքները պետք է լիովին համապատասխանեն Արևմուտքի պարտավորություններին, որոնք ամրագրված են ինչպես ՄԱԿ-ի կանոնադրությամբ, այնպես էլ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) փաստաթղթերով, որոնք ստորագրվել են 1999 թվականին Ստամբուլում և 2010 թվականին Աստանայում», – նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Լավրովն ընդգծել է, որ անվտանգության այդ երաշխիքները, ինչպես համաձայնեցված է, «պետք է հիմնված լինեն անվտանգության անբաժանելիության սկզբունքի և այն սկզբունքի վրա, որ ոչ մի երկիր իրավունք չունի ամրապնդել իր անվտանգությունն ուրիշների անվտանգության հաշվին»: